Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

"Նա արհեստավարժ կոռուպցիոներ է",-քարաձորցիները՝ նախկին գյուղապետ Արա Մատինյանի չարաշահումների մասին (տեսանյութ)

Քարաձոր համայնքում կրքերը շիկացել են: Այն բանից հետո, երբ գյուղապետն ու համայնքի ավագանին հրաժարական տվեցին, գյուղում, ինչպես ընդունված է ասել՝ իրավիճակ է փոխվել: Գյուղացիները որոշել են այլևս չհանդուրժել գյուղապետի անօրինությունները, որոնց պատճառով Քարաձորում գնալով ավելի է խորացել սոցիալական անարդարությունը: ԱՄՔՈՐ բարեգործական կազմակերպության՝ գյուղերի կարիքավոր ընտանիքներին աջակցության շահառուների ընտրությունն, ըստ գյուղացիների, անարդար է եղել: Գյուղացիները դժգոհ էին, ավագանին էլ հրաժարական տվեց:Գյուղապետարանի շենքը, գրեթե միշտ փակ է: Գյուղապետն ավելի շատ իր գիշերային ակումբում է լինում, քան գյուղապետարանում: Պնդում են, որ հարկերից էլ խուսափում է: Չունեն համայնքային կենտրոն ու մշակույթի տուն, ուր կանցկացնեին իրենց ժամանցը: 380 մշտական բնակիչ և 10 մլն դրամ բյուջե ունեցող Քարաձորի զարգացման ծրագրերը, ինչպես նախկին գյուղապետն է ասում լավ արտագրված թղթեր են: Բնակիչները դեռևս որևէ իրագործված ծրագիր չեն տեսել: Վահրամ Կարապետյանի 9 հոգանոց ընտանիքը բնակվում է 11 քմ մակերեսով տանը: Չի տրտնջում, տղաների հետ աշխատում- ստեղծում են: Երբևէ որևէ սոցիալական օգնություն չի ստացել, բայց գյուղապետի բոլոր մութ գործարքներից տեղյակ է: Նախկին գումարումների ավագանու անդամ է եղել՝ նաև Մատինյանի օրոք: Ասում է, որ գյուղապետը փոխանակ համահարթեցնելու սոցիալական անհավասարությունը՝ ավելի է խորացրել այն, ինչն էլ լցրել է գյուղացիների համբերության բաժակը: Նրա խոսքով՝ Մատինյանը "հաշվել" է կարիքավորների ատամները, գտել թույլ տեղը՝ ֆինանսապես խոցելի լինելը: Կառավարման 14 տարիների ընթացքում հասցրել է արհեստավարժ կոռուպցիոներ դառնալ, վարպետացել ամեն ընտրություններին փող բաժանելու մեջ, մարդիկ էլ վերցրել ու ընտրել են: Որպես կանոն բոլոր սոցիալական աջակցության ծրագրերում ու ցուցակներում մշտապես հայտնվում են իր բարեկամներն ու մերձավորները: Անգամ ավագանին է աչք փակել այդ ամենի վրա: Արա Մատինյանը մեզ հետ հեռախոսազրույցում հրաժարվեց գյուղամեջ գալ՝ իր խոսքով հնարավոր արյունահեղությունից խուսափելու համար: Առաջարկեց հանդիպել չեզոք գոտում: Քարաձորից դուրս եկող ճանապարհին էլ հանդիպեցինք: Համագյուղացիների հնչեցրած մեղադրանքները Մատինյանը հերքում է: Քարաձորի նոր գյուղապետի ընտրությունները տեղի են ունենալու 2019-ի հունիսի 8-ին, մինչ այդ, մարզպետի որոշմամբ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վանաձորցի, 36 ամյա Հակոբ Միկոյանը, ով անկուսակցական է:

 

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *