Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Ուզո՞ւմ եք Վահե Գրիգորյանին... ԼՀԿ պատգամավորը ենթատեքստ է տեսնում նախագահի քայլում

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի առաջադրումը մտահոգում է  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը։  Ըստ  խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝  նա չէր կարող  առաջադրվել երկրորդ անգամ։  Երկրի նախագահը  Վահե Գրիգորյանի թեկնածությունը առաջադրել էր  նաև 2018թ.  հոկտեմբերին, սակայն  նախորդ  գումարման Ազգային ժողովը նրան  չընտրեց ՍԴ դատավոր։

Անի Սամսոնյանը հիշեցրեց,  որ դեռևս մարտի վերջին ԱԺ-ն ընդունեց  «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի կետերից մեկում նշված էր հետևյալը.

«Եթե Սահմանադրական դատարանի  նոր  դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու»։

Անի Սամսոնյանի մեկնաբանմամբ՝  այս օրենքի քննարկումների  ժամանակ իշխանությունը ցանկանում էր «նոր» բառը հանել, ինչը իրենց համար անընդունելի էր։

«Մենք հասկացանք, որ փորձ է արվում օրենքը համապատասխանեցնել մեկ անձի, և դրանով կանաչ ճանապարհ հարթել ինչ-որ մեկի համար, որը մեզ համար անընդունելի էր»,- նկատեց պատգամավորը։

Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի պաշտոնում չտեսնելու  «Լուսավոր Հայաստան» խմբակցության մյուս պատճառը թեկնածուի մտերիմ հարաբերություններ ունենալն է իշխանության վերնախավի հետ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի թաքցրել, որ մոտ հարաբերություններ ունի նրա հետ։

«Բոլորս գիտենք՝ նա իշխանության սիրելին է»,-ասաց Անի Սամսոնյանը։

 Խմբակցությունում կարծում են, որ Վահե Գրիգորյանը քաղաքական անաչառության խնդիր կունենա ընտրվելու պարագայում.

«Վահե Գրիգորյանը բազմիցս հանդես է եկել իշխանությանը պաշտպանելով, իսկ իշխանությունն էլ չի թաքցրել, որ իր նախընտրած թեկնածուն Վահե Գրիգորյանն է։ Սա մեր  համար խնդիր է, որովհետև կարծում ենք, որ ՍԴ դատավորը պիտի լինի անաչառ»։

Անի Սամսոնյանն այն համոզմունքին է, որ Գրիգորյանին երկրորդ անգամ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելը նախագահի ինստիտուտի նկատմամբ քաղաքական ճնշում էր։

«Պարտադիր չէ ճնշումները լինեն վախեցնելով,  ճնշումները լինում են նաև մի քանի անգամ նախագահի առաջադրած նոր թեկնածուներին մերժելով  և սեփական թեկնածուին պարտադրելով»,- ասաց Անի Սամսոնյանը։

Ըստ  նրա՝  Արմեն Սարգսյանը,  առաջադրելով Վահե Գրիգորյանին, նաեւ իր վերաբերմունքն է  ցույց տվել իր առաջադրած  նախորդ թեկնածուներին դեմ քվեարկող ԱԺ մեծամասնությանը.  «Ուզո՞ւմ եք Վահե Գրիգորյանին, ես ներկայացնում եմ»։

Հարցին, թե հավանական համարում է, որ Վահե Գրիգորյանը կարող է հավակնել ՍԴ նախագահի պաշտոնին, եթե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական տա, Անի Սամսոնյանը նշեց, որ խմբակցությունում այդ հարցի շուրջ քննարկում չի եղել։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը  Վահե Գրիգորյանի հետ  հանդիպել է երեկ։ Խմբակցությունում դեռ չեն որոշել նրա թեկնածությանը դեմ կքվեարկեն, թե կողմ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *