1986-ից Ալավերդիում գործող Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղի ոդիսականը սկսվում է 90-ականների վերջից: Հայտնվելով մի շարք մութ ու անհասկանալի գործարքների թնջուկում՝ այսօր շուրջ 240 քմ ընդհանուր մակերեսով պատկերասրահի մեջտեղում բեռլինյան այս պատն է առաջացել՝ մշակութային այս օջախին բաժին հանելով շուջ 119 քմ մակերես, -ասում է մասնաճյուղի տնօրեն, գեղանկարիչ Ռաֆայել Ջավախյանը: Ջավախյանը վստահ է` իրականում չկա և գոյություն էլ չի ունեցել շրջանառության մեջ դրված այն իրողությունը, թե իբր քաղառի 3 մլն պարտքի դիմաց պատկերասրահի տարածքը դարձել է Հայէկոնոմբանկի սեփականությունը, որը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին է պատկանում: Հետաքննող լրագրող Լարիսա Փարեմուզյանն այս պատմության ընթացքին վաղուց է ծանոթ: Ասում է, որ ՀԷԲ-ի Թումանյան մասնաճյուղը նախկինում Ալավերդու պղնձաձուլականին պատկանող շենքերից մեկում է գործել վարձակալական հիմունքներով: Քաղաքի կենտրոնում գտնվող պատկերասրահի շենքը «Հայէկոնոմբանկ»-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել 1999-ին, երբ պղնձաձուլականը պահանջել է ազատել իր տարածքը: 150 ալավերդցիների ստորագրություններով նամակ են ուղարկել վարչապետին և սպասում պատասխանի: Նրա խոսքով պատկերասրահը Սուքիասյանների սեփականության ցանկում է հայտնվել Ալավերդու տարբեր տարիների քաղաքապետերի թեթև ձեռքով: Կա 1997 թվականի մարտի 14-ի կառավարության թիվ 51 որոշում՝ համայնքների սեփականության մասին, որով պատկերասրահի տարածքը համայնքային սեփականություն է: Սրան զուգահեռ 1999-ին ի հայտ են եկել կեղծված փաստաթղթեր, որոնցով այն ճանաչվել է ՀԷԲ_ի սեփականությունը: Ալավերդու պատկերասրահի մասին «Դատարանը Քաղառի չմարած վարկերի դիմաց ճանաչել է «Հայէկոնոմբանկի» սեփականության իրավունքը Ալավերդու պատկերասրահի շենքի նկատմամբ» հրապարակման հիման վրա, Լոռու մարզի դատախազի նախաձեռնությամբ 2018-ի դեկտեմբերի 31-ին քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ՔՕ 325 հոդված 1-ին մասի հատկանիշներով: Գործն այժմ նախաքննության փուլում է: Փարեմուզյանն ասում է, որ վերջերս դարձյալ զրուցել է մարզի դատախազի հետ: Տպավորություն ունի, թե պատկերասրահի շենքի քրեական գործը դատախազ Արսեն Մարտիրոսյանն ուզում է կարճել՝ վաղեմության հիմքով: Դատախազ Արսեն Մարտիրոսյանի խոսքով նախաքննության փուլում հաջողվել է պարզել մի շարք հանգամանքներ: Ենթադրյալ կեղծ փաստաթղթերում առկա ստորագրությունների մասով մի շարք անձինք են հարցաքննվել, ովքեր հայտարարել են, որ այդ ստորագրություններն իրենցը չեն: Նշանակվել է լրացուցիչ փորձաքննություն: Ինչ մնում է վաղեմության ժամկետով գործը կարճելուն, դատախազը վստահեցնում է՝ որևէ կաշկանդվածություն չունի այս հարցում, բոլորը հավասար են օրենքի առաջ՝ անգամ Սուքիասյանները, որոնց հետ երբևէ չի առնչվել: Որևէ պարզաբանում խնդրի վերաբերյալ, ՀԷԲ-ից մեզ այդպես էլ չհաջողվեց ստանալ: Էլեկտրոնային փոստով ուղարկված նամակն ընդամենը առաջարկել էին վերահասցեավորել մեկ այլ էլեկտրոնային փոստի և պատասխանել օրենքով սահմանված ժամկետում: Պատասխանն ստանալուն պես, այն կհրապարակենք: Հիշեցնենք՝ «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը «Սիլ» կոնցեռնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է: Դեռ 2010-ին նա «Այրարատ» տոնավաճառի տնօրենի հետ բերման էր ենթարկվել և ձերբակալվել՝ «սպանության սպառնալիքի և ապօրինի զենք կրելու» կասկածանքով: Պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը քաջատեղյակ է Սուքիասյանների ընտանիքի հետ վարչապետ Փաշինյանի վաղեմի մտերմության մասին: Հույս ունի, որ այդ հանգամանքը չի ազդի պատկերասրահի այս թնջուկի՝ հօգուտ բանկի հանգուցալուծման վրա:
Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
0 Մեկնաբանություն