Սոցիալական

Ադրբեջանական հաքերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում այս մասին գրառում է կատարել, նաև տեղադրել է կոտրված կայքի սքրինը։

   Հաքերները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջին տեղադրել են «Վալդայ» ակումբում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը, որը վերնագրված է. «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան» (Ալիևի հայտարարությունը համաժողովում)։

«Մոտավորապես 2,5 ժամ էջը կոտրած է եղել, հաքերների տեղադրած ադրբեջանական վիդեոն աշխատել է, տարածվել իրենց կայքերով»,- «Փաստինֆո»-ին ասել է Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով, որ վարչապետի պաշտոնական կայքից «նորությունը» հեռացվել է մոտ 15 րոպե առաջ։

«Սա խոսում է անվտանգության լուրջ ռիսկերի  մասին, համապատասխան մարմինների ոչ պատշաճ աշխատանքի մասին,  որոնք պետք է ապահովեին պետական ամենակարեւոր կայքի անվտանգությունը»,-մտահոգություն հայտնեց ռազմական փորձագետը՝ հավելելով, ադրբեջանական հաքերները այնտեղ կարող էին տեղադրել, օրինակ` որևէ տեղեկություն հենց Նիկոլ Փաշինյանի անունից։

«Սա լուրջ ռիսկ է անվտանգության տեսանկյունից, եթե նույնիսկ լրատվական կայք կոտրվեր,  էլի կարող էր խնդիր առաջացնել, բայց սրա հետեւանքները անհամեմատ    ավելի լուրջ  կարող են լինել։ Պատկերացրեք, պաշտոնական կայքում հայտարարություն է արվում ինչ-որ բանի մասին։ Տարիներ առաջ Ադրբեջանի լրատվականներից մեկում հաքերները գրել էին,  որ Արցախի խնդրի հայանպաստ լուծման շուրջ համաձայնության են եկել, այդ տեղեկությունը միանգամից ազդել էր ադրբեջանական մանաթի փոխարժեքի վրա, մանաթն արժեզրկվել էր»,-եզրափակել է Կարեն Վրթանեսյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *