Սոցիալական

Եթե Գագիկ Խաչատրյանի թալանածը վերածենք արկղերով տուշոնկաների, ապա այդ արկղերը կծածկեն Հարավային Կովկասի ողջ աշխարհագրական տարածքը․ Էդմոն Մարուքյան

ԴԵռևս 2018թվականի հունիսի 21-ին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հարցում էր ուղարկել համացանցում 2016թ. մարտի 30-ին հրապարակված՝ ՊԵԿ-ի վերաբերյալ ձայնագրության հետ կապված։ Մարուքյանի ֆեյսբուքյան էջում կարող ենք տեսնել այդ անդրադարձը․ 

«Կարծում եմ, որ նախկին ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար՝ Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին...

Երեկ աշխատանքային օրվա վերջին իմ կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հարցում է ուղարկվել համացանցում 2016թ. մարտի 30-ին հրապարակված՝ ՊԵԿ-ի վերաբերյալ ձայնագրության հետ կապված։

Դրանում, ինչպես շատերդ վստահաբար հիշում եք, հեղինակը մանրամասն տվյալներ էր ներկայացնում ՊԵԿ-ում պաշտոնավարող կամ նախկինում պաշտոնավարած անձանց, Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի և այլոց կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների՝ հատկապես պետական բյուջե փոխանցման ենթակա գումարները գրպանելու վերաբերյալ:

Հարկ է նշել, որ ձայնագրությունը համացանցից ջնջված է, սակայն գործի նյութերում այն պետք է պահպանված լինի։

Հարցմամբ խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն, թե ազգային անվտանգության ծառայության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել նշված ձայնագրությունն ստանալուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ»:

Իսկ արդեն այսօր Էդմոն Մարուքյանի ֆեյբուքյան էջից տեղեկանում ենք, որ նրա նախկին հայտարարությունւից մոտ 8 ամիս անց Գագիկ Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ։

«Դեռևս 2018 թվականի հունիսին էի արտահայտվել, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ԱԱԾ֊ին բան ունի պատմելու...

Օրեր առաջ տեղեկություն հրապարակվեց մամուլում, որ իմ հայտարարությունից հետո մոտ 8 ամիս անց Գագիկ Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ։ Կարծում եմ՝ նա, ՀՀ քաղաքացիների ընկալման մեջ, որպես ամենաթալանչի պաշտոնյա, ՀՀ ընդդիմության կողմից թալանի մեջ ամենաշատ մեղադրված պաշտոնյա, պետության հաշվին միալիարդատեր դարձած մարդ, պետք է առաջին պատասխան տվողներից լիներ և վաղուց գտնվեր անազատության մեջ՝ պետության հաշվին միլիարդատեր դառնալու համար։

Հուսով եմ, որ նա 18,5 միլիոն դոլար նվիրելով չի ազատվի պատասխանատվությունից և հրապարակային, բաց ու թափանցիկ քննության արդյունքում պետությանը կվերադարձնի թալանածը և համապատասխան տարիներով պատիժ կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում համապատասխան խստացված ռեժիմով։

Կարծում եմ եթե, Գագիկ Խաչատրյանի թալանածը վերածենք արկղերով տուշոնկաների, ապա այդ արկղերը կծածկեն Հարավային Կովկասի ողջ աշխարհագրական տարածքը» ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *