ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մարզում որևէ պատահար տեղի չի ունեցել. «Սիրելի բարեկամներ, ստորև պաշտոնական տեղեկատվություն է՝ տեղի ունեցած օդային զորավարժությունների վերաբերյալ։ Որևէ պատահար տեղի չի ունեցել»,- գրել է Չոբանյանը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը, որում ասվում է՝ Հայաստանում ռուսական ավիաբազայի «Էրեբունի» ռազմական ավիացիայի Ми-8МТВ ռազմական տրանսպորտային ուղղաթիռների երիտասարդ օդաչուներն օրվա ընթացքում կատարել են պարզ և բարդ հնարքներ՝ բարդ եղանակային պայմաններում: Նշվում է, որ օդաչուների և թռիչքային տեխնիկայի մասնագետներից շուրջ 100 զինծառայող ներգրավվել է գործնական վարժանքներին, ներառվել ցամաքային և ավիացիոն ռազմական տեխնիկայի շուրջ 30 ստորաբաժանում:
Հիշեցնենք՝ հունվարի 22-ից համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթյուն է որոտացել, ինչպես նաև Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել: Ի դեպ՝ աղմուկը լսվել էր նաև Լոռու մարզում: Պայթյունի նմանվող հուժկու ձայներ լսվել էին նաև մարզկենտրոն Վանաձորում, Գուգարք գյուղում ու հարակից բնակավայրերում:
0 Մեկնաբանություն