Սոցիալական

Շարլ Ազնավուրի անվան այգի՞, թե՞ հերթական «օբեկտ»

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգություն է հայտնում.

«Հոկտեմբերի 26-ին նշանակված Վանաձորի ավագանու նիստի օրակարգում, ի թիվս այլ խնդրահարույց հարցերի, տեղ է գտել Քիմիագործների այգին Շարլ Ազնավուրի անվան այգի վերանվանելու մասին հարցը։ Առաջին հայացքից սա միայն կարող է հիացմունք առաջացնել մարդկանց մոտ, փառավորել նրանց հոգիներն ու ջերմ խոսքեր շռայլելու ցանկություն առաջացնել քաղաքիս կառավարումը ստանձնած պաշտոնյաների հասցեին։

Ուրախությունը կարող էր հիմնավոր լինել ու տևական, եթե նույն օրակարգում տեղ չգտնեին նման բարձր ու վեհ արժեքների հետ աղերս չունեցող, մասնավոր շահի համար ամեն ինչի վրա աչք փակող, քաղաքի զարգացման անունի տակ քաղաքի տեսքն ու դիմագիծն այլանդակող երևույթներ։

Մասնավորապես, օրակարգում տեղ է գտել Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը՝ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2/3 հողամաս 0.27035հա, կադաստրային ծածկագիր - 06-001-3280, մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին հարցը։ Ըստ որոշման նախագծի հողամասը տրամադրվում է հանգստի գոտի կազմակերպելու համար (10 տարի ժամկետով)՝ վարձավճարի մեկնարկային գինը սահմանելով ամսական 21628 դրամ:

Ավելի պարզ ասած, Շարլ Ազնավուրի հիշատակը հարգելով, ներկայիս Քիմիագործների այգին անվանակոչում ենք մեծանուն երգչի անունով և այդ նույն այգուց 2700 քառակուսի մետր տարածք օտարում կառուցապատման իրավունքով։

Իսկ եթե հիշենք, որ աճուրդի դրված տարածքը գտնվում է այդ նույն այգում տարիներ շարունակ կասկածելի հիմքերով գործող ռեստորանի հարևանությամբ, որը «պատահմամբ» պատկանում է գործող ՀՎԿ-ական փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանին, ապա կարելի է ենթադրել, որ վերջինս պարզապես ցանկանում է ընդլայնել իր «օբեկտը»՝ վերացնելով քաղաքի հերթական այգին... հա, ասում են երեխեքի համար լավ բան ա ուզում սարքի, զարգացման ու ժամանցի մի հետաքրքիր վայր... երեխեքի մասին էս ինչքա՞ն մտածող ունենք...

Ի նշան աշխարհահռչակ շանսոնյեի նկատմամբ մեր տածած անսպառ սիրո...

ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՀԱՆԵԼ ՕՐԱԿԱՐԳԻՑ ԱՅԴ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԱՅԳԻՆԵՐՆ ՈՒ ՊՈՒՐԱԿՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *