Արդար քվե

«Իբր ջրի ու կոյուղու խնդիրը քիչ էր, հիմա էլ խոշորացումը:Չենք միանա Լեռնապատին»:Բազում գյուղում դեմ են խոշորացմանը (տեսանյութ)

Լոռու մարզի Բազում գյուղ գնում ենք կոյուղու բացակայության խնդրով, պարզվում է՝ գյուղը ջուր չունի, չունի դեռ ԽՍՀՄ տարիներից: Մարդիկ մոտակա աղբյուրներից խողովակներով ջուրը բերել- հասցել են իրենց տները: 3 ամիսը մեկ՝ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնից գալիս, ջրից նմուշառում են կատարում, զգուշացնում, որ ջուրը խմելու համար պիտանի չէ ու գնում,-ասում են այլընտրանքից զրկված գյուղի բնակիչները, որոնք արդեն հարմարվել են ջուր չունենալու վաղեմի իրողությանը:Բազումի գյուղապետ Սրբուհի Հարությունյանի խոսքերով, գյուղը լավից վատից ապահովված է ենթակառուցվածքներով, ամեն ինչ ունենք, բացի ջուրը: Խնդիրը շատ է խեղճացնում բնակիչներին, լիարժեք չեն կարողանում մշակել հողամասերը: Տարիներ առաջ դիմել է Լոռիջրմուղկոյուղի ընկերությանը Վանաձորը սնուցող ջրագծին միանալու խնդրանքով, մերժել են պատճառաբանելով գյուղի բարձրադիր ռելիեֆն ու դրա հետ կապված լրացուցիչ ծախսերը: Նախնական հաշվարկներով 150 մլն դրամի պատմություն է խմելու նոր ջրագիծ ունենալը: 48 մլն դրամ բյուջեով չունեն այդ հնարավորությունը: Մարզի ղեկավարության միջնորդությամբ դիմել են «Վեոլիա» ընկ-յանը՝ ստացել առաջարկ միանալ Հոբարձին սնող ջրագծին: Հույսով սպասում են: Գյուղին այժմ մեկ ուրիշ ցավոտ հարց է հուզում՝ խոշորացումը,- ասում է Սրբուհի Հարությունյանը: Ըստ նախնական տվյալների՝ կմիավորվեն Ազնվաձոր, Հալլավար, Լեռնապատ, Արջուտ գյուղերի հետ: Չի հերքում, որ խոշորացումն իր հետ շղթայական խնդիրներ է բերելու՝ բյուջեն տնօրինելու հնարավորության կորստից մինչև սոցիալական լարվածություն. 9 հոգանոց աշխատակազմից 7-ի կրճատում, ինչի հետևանքով 7 ընտանիք կզրկվի եկամտի միակ աղբյուրից: Բազումի բնակիչները կցկտուր լսել են խոշորացման մասին՝ Լեռնապատ կենտրոնով:Կտրականապես դեմ են, որովհետև որևէ տրամաբանություն չեն տեսնում հեռու համայնքի հետ միավորվելու մեջ: Գյուղի բնակիչները դժգոհում են կառավարության մոտեցումներից: «Եթե արդեն ծրագրել է խոշորացումը, էլ ինչու՞ են իրենց կարծիքը հարցնում»: խոշորացման մասին: Պատրաստ են հանդիպել ու լսել կառավարության ներկայացուցիչներին, բայց և չեն լռելու, եթե գործադիրի որոշումն իրենց սրտով չեղավ: Կդիմեն բողոքի գործողությունների ու կսկսեն ավանդական տարբերակից՝ փողոց փակելուց:

 

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *