Հայացք ներսից

Է. ԶՈՀՐԱԲՅԱՆԻ «ՏԻԿԻՆ ՍԻՐԱՆՈՒՅՇԸ» ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏՎԵՑ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

            Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկականը Ն. Դումբաձեի անվան թատրոնում ներկայացրեց հայազգի ժամանակակից դրամատուրգ, հեքիաթագիր, Լ. Շանթի անվան մրցանակի դափնեկիր՝ Էլֆիք Զոհրաբյանի «Տիկին Սիրանույշ» դրաման (բեմադրիչ՝ Լյուբով Սահակյան, նկարչական ձևավորումը՝ Աննա Սոփրոմաձեի): Գլխավոր դերերում հանդես եկան թատրոնի առաջատար արտիստուհի Սնեժանա Յագուբովան և երիտասարդ դերասանուհի՝ Վարդուհի էլբակյանը: Մոնոդրաման գրվել է 2006-ին, երկու անգամ մասնակցել է թատերականացված ընթերցումների: Քննարկումներին ներկա են եղել Երվանդ Մանարյանը, Ռուբեն Բաբայանը, Կարինե Խոդիկյանը, Նարինե Գրիգորյանը, Սառա Նալբանդյանը, Անուշ Ասլիբեկյանը, լոռվա գրողներ… Էլֆիք Զոհրաբյանի «Տիկին Սիրանույշ» պիեսը 2010-ին տպագրվել է նաև Թեհրանում: Պիեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնավորապես դերասանուհիների շրջանում. ոչ միայն բազմաշերտ է տիկին Սիրանույշի կերպարը, այլ նաև տարեց արտիստուհին խաղում է համաշխարհային դրամատուրգիայի կանացի բարդագույն կերպարներից մի քանիսը: Այս դրաման ունի սյուրռեալիստական տարրեր, հոգեբանական, դոկումենտալ-պատմական շերտեր: Ներկայացումը հաճախ ընդհատվում էր բուռն ծափահարություններով: Թբիլիսիի հայ, ռուս, վրացի հանդիսատեսը բարձր գնահատեց բեմադրությունը: Բեմադրության մեջ հռչակավոր դերասանուհու կերպարի միջոցով ներկայացվում էր հայ կնոջ վայրէջքներն ու վերելքները և կյանքում ուժեղ մնալու գաղափարը: ՀԹԳՄ նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի կարծիքով՝հոյակապ աշխատանք էր, և ինքը շատ տպավորված է դուրս եկել դահլիճից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *