Օգոստոսի 9-ի երեկոյան, Աբուլ լեռան վրա, կայծակը հարվածել է ոչխարի հոտին, ինչի հետևանքով 530 գլուխ ոչխար է անկել: Անկած անասունների մի մասը պատկանում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Տամբովկա գյուղից տեղացի ֆերմերին, մյուս մասը՝ Կախեթի ֆերմերներին: Այս մասին տեղեկացնում է jnews.ge-ն։
Նինոծմինդայի շրջանի Տամբովկա գյուղից Նիկոլայ Լևանովն ունի 600 գլուխ ոչխար: Ոչխարներն արածեցնում են Աբուլ լեռան վրա, իրեն պատկանող տարածքում: Նիկոլայի անասունների հետ միասին այնտեղ արածում են նաև կախեթցի ֆերմերի 900 գլուխ ոչխար: 1500 գլխից բաղկացած ոչխարների հոտին արածեցրել է ոչ բնիկ հովիվը: Օգոստոսի 9-ին, ժամը 17:00-ի սահմաններում հովիվը զանգահարել է Նիկոլային և ասել, որ կայծակը 2 անգամ հարվածել է, և ոչխարները սատկել են: Ընդհանուր առմամբ սատկել է 530 գլուխ անասուն, որից 160-ը պատկանում էր Նիկոլային:
Արոտավայրը գտնվում է Տամբովկա գյուղից 5կմ հեռավորության վրա գտնվող լեռան վրա:
Այսօրվա դրությամբ 1 ոչխարն արժե մոտ 350 լարի:
Նիկոլայ Լևանովը օգնության նպատակով դիմել է տեղի իշխանություններին: Քաղաքապետարանում ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է գնահատի կորուստը:
Լուսանկարը և տեսանյութը Jnews կայքի խմբագրությանն է տրամադրել ֆերմերի որդին՝ Յագոր Լևանովը:
0 Մեկնաբանություն