Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի դեսպանին՝ Սենատի որոշման պատճառով

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսսը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն՝ Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի հարցով ընդունված բանաձևի պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից բողոքի նոտա է հանձնվել՝ Ֆրանսիայի Սենատի կողմից  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունման կապակցությամբ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում: Նշվում է, որ դեսպանը խոստացել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը փոխանցել Ֆրանսիայի իշխանություններին: Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը՝ 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը մասնակցել է 306 սենատոր: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» վերնագրված բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել ԼՂ-ի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար: Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է անում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում:
 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *