Միջազգային

Ադրբեջանը ցեղասպանության սպառնալիքի 9-րդ՝ բնաջնջում և 10-րդ՝ ժխտողականություն աստիճաններում է. Genocide Watch

Աշխարհում ցեղասպանության վտանգի գնահատմամբ զբաղվող հեղինակավոր Genocide Watch կազմակերպությունը Ադրբեջանին «շնորհել է» ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները: Genocidewatch-ն անդրադառնում է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին.

 «Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի և Իսրայելի կողմից մատակարարվող անօդաչու թռչող սարքեր՝ հայկական զորքերի, գյուղերի և քաղաքացիական բնակչության խոցման համար: Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ են՝ Ժնևյան կոնվենցիաներին համապատասխան»,- նշված է հոդվածում։

Հայոց ցեղասպանությունը ժխտելու, ատելության խոսքը պաշտոնապես օգտագործելու և Արցախում խաղաղ բնակիչների վրա ներկայիս հարձակումների պատճառով Genocide Watch-ը կարծում է, որ Ադրբեջանը գտնվում է 9-րդ՝ բնաջնջում և 10 -րդ՝ ժխտողականություն աստիճաններում։

Genocide Watch-ի գնահատմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է պահանջի, որ Ադրբեջանը դադարեցնի բոլոր հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ և կրակի դադարեցման հրաման տա։

«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է դիմի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԵԱՀԿ Մինսկի խմբին  «բարի ծառայությունների» խնդրանքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման համար: Անվտանգության խորհուրդը պետք է Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգո սահմանի։ Համաշխարհային առաջնորդները պետք է դատապարտեն Ալիևի ռեժիմի կողմից ատելության հրահրումը և ցեղասպանության ժխտումը»,- նշված է Genocide Watch-ի պաշտոնական կայքում:

Աղբյուր՝ Genocide Watch

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *