Ախալքալաքում զանգվածային անկարգությունները շարունակվում են։ Tert.am-ին հայտնի դարձավ,որ անկարգությունների պատճառը Կուլիկամ գյուղի բնակիչ Վարդիկ Մարաբյանի սպանությունն է։
Ականատեսները Tert.am-ին պատմեցին,որ տարիներ շարունակ 2 գյուղերից Գաբրիելյանների ու Մարաբյանների ընտանիքները վիճաբանություններ են ունեցել։ Սպանության մեջ կասկածվողը Դիլիսկա գյուղի բնակիչ, Ախալքալաքում բնակվող Գաբրիելյանների որդին է։ Սպանությանը հաջորդել է Ախալքալաքում Գաբրիելյանին պատկանող հյուրանոցային համալիրի, ռեստորանի, ինչպես նաև դեպքի վայրում գտնվող Գաբրիելյանի համախոհներին պատկանող մի քանի տների հրկիզումը քաղաքի տարբեր հատվածներում։
Սպանությանը հաջորդել է մոտ 100 մարդու մասնակցությամբ ծեծկռտուքը, ինչի հետևանքով մի քանի անձ գտնվում են վերակենդանացման բաժանմուքում․դրանց թվում նաև Սամվել Գաբրիելյանը։ Ըստ նախնական տվյալների՝ հիվանդանոցում մահացել է ևս 1 անձ։
Հրդեհներն այս պահին մեկուսացված են, ոստիկանությունը խստացված ծառայություն է իրականացնում Ախալքալաքում՝ դեպքի վայրում, հարակից համայնքների ճանապարհներին, հիվանդանոցի տարածքում ու նշված անձանց համայնքներում։
Tert.am-ին հայտնի դարձավ,որ Վարդիկ Մարաբյանը 27 տարեկան էր, ամուսնացել էր 6 ամիս առաջ։
Քաղաքի տարբեր հատվածներում հրդեհված մեքենաներ են, ճանապարհները փակ են, միջադեպերին մասնակցել են մի քանի համայնքների երիտասարդներ, արտահերթ աշխատում է նաև բժշկական հաստատությունը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից Tert.am-ին հայտնեցին, որ այս պահին մեկնաբանություն չեն տալիս, իսկ Վրաստանի խորհրդարանի 3 հայ պատգամավորից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, նրանց պաշտոնական էջերում միջադեպին անդրադարձ չկար։
0 Մեկնաբանություն