Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանն ադրբեջանական կողմին հանձնի Լեռնային Ղարաբաղում ականապատ հատվածների քարտեզները, Բաքվի պատասխանն ադեկվատ կլինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին Ալիևը խոսել է EFE-ին տված հարցազրույցում:
«Եթե նրանք (խմբ.- հայկական կողմը) դա անեն, բարի կամք դրսևորեն, մենք դրան ադեկվատ պատասխան կտանք»,- ասել է Ալիևը: Նա ընդգծել է, որ ականապատ տարածքների քարտեզները չունենալու պատճառով նախորդ տարվա ընթացքում վիրավորվել կամ մահացել է 150 ադրբեջանցի զինծառայող կամ քաղաքացիական անձ:
Ալիևը հայտարարել է նաև, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ես պատրաստ եմ և արդեն հայտնել եմ իմ դիրքորոշումը: Եթե հայկական կողմը պատրաստ է, պատրաստ եմ և ես: Մենք մեկ հանդիպում ունեցել ենք այս տարվա սկզբին՝ եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Ես պատրաստ եմ Փաշինյանի հետ բանակցություններին ցանկացած ժամանակ, երբ պատրաստ կլինի նա»,- ասել է Ալիևը:
0 Մեկնաբանություն