Միջազգային

Amnesty International միջազգային կազմակերպությունը նոր ղեկավար ունի

Ագնես Կալամարդը, ով ղեկավարում էր սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով ՄԱԿ-ի հետաքննությունը, Amnesty International-ի նոր ղեկավար է նշանակվել: 

Մարդու իրավունքների միջազգային խումբը հայտնել է, որ Կալամարդը երկուշաբթի օրը չորս տարի ժամկետով ստանձնել է պաշտոնը:

Կալամարդը մարդու իրավունքների ֆրանսիացի փորձագետ է, ով նախկինում ղեկավարում էր ազատ խոսքի պաշտպանության Article19 կազմակերպությունը եւ Կոլումբիայի համալսարանի խոսքի ազատության գլոբալ նախագիծը: Որպես արտադատարանական մահապատիժների, առանց դատական հետաքննության մահապատիժների եւ կամայական մահապատիժների հարցով ՄԱԿ հատուկ զեկուցող՝ նա հետաքննել է Խաշոգջիի սպանությունը, որը 2018 թվականի հոկտեմբերի 2-ին մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն՝ որոշ փաստաթղթեր վերցնելու, եւ այդպես էլ դուրս չէր եկել:

Կալամարդը հայտարարել է, որ 2019թ. սպանության մասին իր զեկույցի հրապարակումից հետո, որտեղ նշվում էր, որ սպանությունը, հավանաբար, հրահանգվել է Էր Ռիադի կողմից, իրեն սպառնացել է սաուդյան բարձրաստիճան պաշտոնյան, հայտնում է AP-ն:

Նա նաեւ հետաքննել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածը, որը սպանել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, եւ եզրակացրել է, որ դա անօրինական է եղել:

Կալամարդը ասել է, որ իր համար «մեծ պատիվ է զբաղեցնել գլխավոր քարտուղարի պաշտոնը եւ աշխատել Amnesty-ի կողմնակիցների հետ ամբողջ աշխարհում, որպեսզի միասին պաշտպանեն եւ պահանջեն հարգել մարդու իրավունքները»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *