Միջազգային

Աթենքում լրագրող է սպանվել. Հունաստանը ցնցված է

Քրեական թեմաներում մասնագիտացած հայտնի լրագրող Գիոգիոս Կարաիվազը սպանվել է նախօրեին մայրաքաղաք Աթենքում գտնվող իր առանձնատան մուտքի մոտ երկու զինված անձանց արձակած կրակոցներից։ Սպանության հեղինակները, որոնք ըստ երկրի ոստիկանության, պրոֆեսիոնալ մարդասպաններ են, առայժմ չեն հայտնաբերվել։

«Ինչ-որ մեկը փորձել է փակել նրա բերանը՝ փամփուշտներով ստիպել նրան այլևս չգրել»,- ասվում է լրագրողի անձնական բլոգում տեղադրված հայտարարության մեջ։

«Կարաիվազի սպանությունը ցնցել է բոլորիս»,- հայտարարել է Հունաստանի կառավարության խոսնակ Արիստոտելիա Պելոնին՝ հավաստիացնելով, որ իշխանություններն անում են հնարավորինը սպանության պատասխանատուներին հայտնաբերելու ուղղությամբ:

Սա Հունաստանում լրագրողի արդեն երկրորդ սպանությունն է 2010 թվականից ի վեր։ 11 տարի առաջ սպանված լրագրողը Սոկրատ Գիոլիասն է, որի սպանության պատասխանատվությունը ստանձնել էր «Հեղափոխականների աղանդ» ահաբեկչական կազմակերպությունը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *