Միջազգային

Ավստրալիայում հրդեհների տարածման արագությունը ժամանակավորապես նվազել է (տեսանյութ)

Ավստրալիայում շարունակվում է պայքարն ընդդեմ անտառային հրդեհների, որոնք երկրի 3 նահանգներում ոչնչացրել են մի քանի միլիոն հեկտար տարածք: Կիրակի օրն սկսված ավելի սառը եղանակը եւ քամիների մեղմացումն ինչ որ չափով նվազեցրել են արդեն մի քանի շաբաթ շարունակվող հրդեհների տարածման արագությունը:

Ներկայում հազարավոր մարդիկ  ապաստան են գտել ժամանակավոր կացարաններում: Մինչ այժմ այրվել է 2000 տուն: Հրդեհներին զոհ է գնացել 24 մարդ:

Տարհանված մարդիկ վստահ չեն, թե որքան ժամանակ դեռ կմնան ժամանակավոր կացարաններում:

Երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին քննադատում են արտակարգ իրավիճակում լավ չկառավարելու համար, դատապարտում նրան հատկապես հրդեհների տարածման ժամանակ ընտանիքով Հավայի հանգստանալու մեկնելու համար: Նրա խոսքերով, մեղադրանքների խաղն անարդյունավետ է, եւ այժմ ‘’հարկավոր է կենտրոնանալ հրդեհների դեմ պայքարի վրա’’:

Վարչապետին քննադատում են նաեւ տեղական իշխանությունների հետ ոչ լիակատար կերպով քննարկումներ անցկացնելու մեջ, եւ Ավստրալիայի պաշտպանական ուժերի 3000 ծառայողներին աղետի գոտի ուղարկելու որոշումը համարում ուշացած:

Մորիսոնը 14 միլիոն դոլար է հատկացրել այլ երկրներից հրշեջ օդանավեր վարձակալելու համար: Հիմնադրվել է Անտառային հրդեհների դեմ պայքարի գործակալություն, որի նպատակը աղետից տուժած ավստրալացիներին օգնություն տրամադրելն է:

Փոփ աստղ Փինքը և ավստրալացի դերասանուհի Նիկոլ Քիդմանը հրդեհից տուժած համայնքներին օգնելու համար հատկացրել են 500-հազարական դոլար:

Վարչապետի խոսքերով, եկող 2 տարիների ընթացքում վերականգնողական աշխատանքների համար կտրամադրվի 1,5 միլիարդ ամերիկյան դոլար:

Երկրի որոշ հատվածներում անձրեւներեն սկսվել, հինգշաբթի օրվանից, սակայն, ջերմաստիճանը նորից կբարձրանա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *