Միջազգային

Բայդենն Էրդողանին ասել է, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը․ Bloomberg

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ զրույցում հայտնել է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով զրույցին ծանոթ աղբյուրներին։

Ակնկալվում է, որ Բայդենը կօգտագործի «ցեղասպանություն» բառը շաբաթ օրվա հայտարարության մեջ՝ կատարելով իր նախընտրական քարոզարշավի խոստումը: Նա կլինի ԱՄՆ առաջին նախագահը 40 տարվա ընթացքում, ով հրապարակավ կճանաչի 1915 թվականի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն:

Սպիտակ տունը չի նշել դա Բայդենի և Էրդողանի միջև առաջին հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ: Միայն շեշտել է, որ Բայդենն արտահայտել է իր հետաքրքրվածությունը Թուրքիայի հետ կառուցողական հարաբերություններ կառուցելու, դրանք ընդլայնելու, ինչպես նաև տարաձայնություններն արդյունավետորեն հարթելու մեջ:

Ավելի վաղ Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը Ցեղասպանության հիշատակի օրը հանդես կգա հայտարարությամբ։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն կանի Օսմանյան կայսրությունում հայտերի զանգվածային սպանությունների վերաբերյալ, սակայն չի ասել՝ կօգտագործի՞ արդյոք «ցեղասպանություն» եզրույթը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *