Բուլղարիան լրտեսության գործի կապակցությամբ ռուսաստանցի մի շարք դիվանագետների պերսոնա նոն գրատա կհայտարարի: Այդ մասին այսօր, ըստ Ռիա Նովոստի լրատվական գործակալության՝ հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
«Մենք Ռուսաստանի հետ լավ համագործակցություն ունենք մի շարք ոլորտներում, բայց այդ լրտեսական գործունեությունը անհրաժեշտ է դադարեցնել: Բուլղարիան կշարունակի վճռականորեն պաշտպանել իր ազգային անվտանգությունը և եվրաատլանտյան պատկանելությունը` երաշխավորված գազի մատակարարումների դիվերսիֆիկացմամբ, բանակի արդիականացմամբ և եվրագոտուն առաջիկա միացմամբ», — ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Բուլղարիայի դատախազությունը նախօրեին հայտարարել է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող մի շարք բուլղարացի զինվորականների ձերբակալության մասին: Գերատեսչության տվյալներով՝ խմբի ղեկավարը Բուլղարիայի ռազմական հետախուզության նախկին բարձրաստիճան սպա էր, ով ավարտել էր նաև Մոսկվայի հետախուզական դպրոցը: Դատախազների կարծիքով՝ նրա նպատակն է եղել հետախուզական ցանցի ստեղծումը և գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունեցող մարդկանց հավաքագրումը: Խմբի ղեկավարի և ռուս դիվանագետների միջնորդը նրա կինն էր, ով ունի Բուլղարիայի և Ռուսաստանի քաղաքացիություն:
Իշխանությունները մեղադրանք են առաջադրել երկրի 6 քաղաքացիների, զինծառայողների և պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք կապ ունեն ազգային անվտանգության հետ: Ձերբակալվածներից 5-ը 72 ժամ պահել են կալանքի տակ, իսկ մեկն ազատ է արձակվել գրավի դիմաց:
Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատանը հայտարարել են, որ իրենք հույս ունեն, որ կլինի ապաքաղաքականացված դատավարություն և վերջ կդրվի Մոսկվայի մասնակցության վերաբերյալ շահարկումներին:
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերին Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր լրտեսության կասկածանքով ռուս դիվանագետի արտաքսման մասին:
0 Մեկնաբանություն