Միջազգային

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ Միրզոյան-Բայրամով չկայացած հանդիպման մասին

Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում այսօր այդպես էլ տեղի չունեցավ։Այս մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի 4-ին հանդես են եկել հայտարարությամբ: Դրանում ասվում է.

«Համանախագահները դեկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, իսկ դեկտեմբերի 2-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ Ստոկհոլմում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում:

Համանախագահներն ափսոսում են, որ չհաջողվեց իրենց հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպում կազմակերպել Ստոկհոլմում։ Նրանք պատրաստակամություն են հայտնում անցկացնել նման հանդիպում՝ հանգամանքները թույլ տալուն պես՝ շարունակելու քննարկումները, որոնք սկսվել են սեպտեմբերին՝ Նյու Յորքում և նոյեմբերին՝ Փարիզում»: Հիշեցնենք՝ Բաքուն հրաժարվել էր ԱԳ նախարարների հանդիպումից՝ նշելով  հրաժարվելու պատճառը։
Ադրբեջանական կողմը, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական ԱԳՆ-ին, հրաժարվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Ստոկհոլմում հանդիպում անցկացնելուց,  որպես պատճառ նշելով «հայ պատգամավորների անօրինական այցը Ղարաբաղ»:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *