Այս տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն ռազմական միջամտություն է իրականացրել Սիրիայում, Լիբիայում և Իրաքում։ Նրա ագրեսիվ քաղաքականությունն էլ ավելի է սրում Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները, «Թուրքիան ներքաշվում է հերթական հակամարտության մեջ, այս անգամ՝ Կովկասում» վերտառությամբ հոդվածում գրում է The New York Times-ը։
Ինչպես նշում է հեղինակավոր պարբերականի հոդվածագիրը, այս շաբաթ Հարավային Կովկասում ԼՂ հակամարտությունը վերածվեց բաց պատերազմի և «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին համաշխարհային առաջնորդն էր, որը նետվեց մարտի»:
«Նրա առաքելությունը պատերազմող կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը թուլացնելը չէր։ Դրա փոխարեն նա իր լիակատար աջակցությունն է հայտնել ադրբեջանցիներին»,- գրում է հոդվածագիրը։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցությանը, հոդվածագիրն ընդգծում է, որ «Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում, և կան նշաններ, որ նա նաև ակտիվորեն մասնակցում է ռազմական գործողություններին, պնդումներ, որոնք Անկարան հերքում է»։
Ընդգծելով Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականությունը՝ հոդվածագիրը նշում է, որ Թուրքիան պատերազմներ է վարում Սիրիայում և Լիբիայում, բազմիցս ռազմական գործողություններ է իրականացրել Իրաքում, տարածքային պահանջներ է ներկայացնում Հունաստանին և Կիպրոսին։
«Այս ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը մտահոգել է ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցներին»,- նշում է հոդվածագիրը՝ հավելելով, որ դրան զուգահեռ նրա վարած քաղաքականությունը վնասել է Թուրքիայի տնտեսությունը, իսկ Էրդողանի կուսակցության ժողովրդականությունը նվազում է:
Նրա խոսքով՝ «ինչպես Սիրիայում և Լիբիայում, այնպես էլ Կովկասյան հակամարտության հակառակ կողմում Էրդողանը առճակատվում է Ռուսաստանին։ Վերլուծաբանները Լիբիայում և Կովկասում հակամարտությունները դիտարկում են որպես Սիրիայում Թուրքիայի և Ռուսաստանի միջև պայքարի շարունակություն»։
«Այլ տարածաշրջաններում աճող միլիտարիզմը արտացոլում է Էրդողանի ռազմատենչ ինքնությունը, և նրա համոզմունքն առ այն, որ իր զինված ուժերի ճկունությունը նրան տեղ է տալիս խոշոր տերությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծում է հոդվածագիրը։
0 Մեկնաբանություն