Միջազգային

Եվրատեսիլը ուկրաինական պատերազմի պատճառով հավանաբար կանցկացվի Մեծ Բրիտանիայում

Հաջորդ տարի Եվրատեսիլ երգի մրցույթը հնարավոր է անցկացվի Մեծ Բրիտանիայում, հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ)։

Զնայած այն հանգամանքին, որ այս տարի Ուկրաինան հաղթեց մրցույթում, ըստ Եվրոպական հեռարձակողների միության՝ հաղթող երկիրը դժվար թե կարողանա հյուրընկալել Եվրատեսիլ 2023-ը։ Անվտանգության և գործառնական պահանջները ներկայումս չեն կարող բավարարվել Ուկրաինայի հանրային հեռարձակողի (UA:PBC)-ի կողմից՝ շարունակվող պատերազմի պատճառով:

ԵՀՄ հայտարարության մեջ ասվում է. «Եվրոպական հեռարձակողների միությունն ուսումնասիրում է հաջորդ տարվա մրցույթի անցկացման տարբերակները Ուկրաինայի հանրային հեռարձակողի հետ, որը նախկինում կազմակերպել էր միջոցառումը 2017 և 2005 թվականներին»:

Մեծ Բրիտանիայի մասնակցի՝ Սեմ Ռայդերի «Տիեզերական մարդը» երկրորդ տեղն է զբաղեցրել այս տարվա մրցույթում: ԵՀՄ-ն այժմ BBC-ի հետ կքննարկի 2023 թվականի մրցույթը Մեծ Բրիտանիայում անցկացնելու հնարավորությունը:

Հայտարարության մեջ ասվում է. «Եվրատեսիլ երգի մրցույթը աշխարհի ամենաբարդ հեռուստատեսային արտադրանքներից է, որի վրա հազարավոր մարդիկ են աշխատում և ներկա են լինում այդ միջոցառմանը, և անհրաժեշտ է 12 ամիս նախապատրաստվել դրան»:

ԵՀՄ-ն շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի հանրային հեռարձակողին և ափսոսանք հայտնում, որ հաջորդ տարի մրցույթը չի կարող անցկացվել Ուկրաինայում:

«Մեր նպատակն է, որ Ուկրաինայի հաղթանակն արտացոլվի հաջորդ տարվա շոուներում։ Սա մեզ համար առաջնահերթություն կլինի հյուրընկալողների հետ մեր քննարկումներում»,- ասված է ԵՀՄ հաղորդագրության մեջ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *