Միջազգային

Հայաստանը չի քննարկել «միջանցքի» մասին որևէ հարց, դա ֆեյք թեմա է. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

ԱՄՆ-ի Սպիտակ տան մամլո ծառայությունը «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ հաղորդում է, որ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի միջեւ դեկտեմբերի 15-ին անցկացված հանդիպման ժամանակ Սալիվանը փոխանցել է Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման գործում Միացյալ Նահանգների հանձնառությունը:

Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության կապակցությամբ և ընդգծել, որ չսահմանազատված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերը «անպատասխանատու և սադրիչ» քայլեր են։

Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը «Ամերիկայի Ձայն»-ին տրված հարցազրույցում Արմեն Գրիգորյանն ասում է, որ հանդիպումը Ջեյք Սալիվանի հետ եղել է արդյունավետ: Քննարկվել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների երկկողմ օրակարգը:

«Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կարեւոր անվտանգային գործոն է», ասում է նա ու ավելացնում.

«Այդ օրակարգում շատ կարեւոր դեր եւ նշանակություն ունի Հայաստանի ժողովրդավարացման շարունակական գործընթացը: Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք շարունակել այդ գործընթացում մեր համագործակցությունը: Քննարկել ենք նաեւ տարածաշրջանում անվտանգային միջավայրին , ինչպես նաեւ` տարածաշրջանում համագործակցության եւ տնտեսության զարգացմանը վերաբերող հարցեր»:

Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության եւ ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ, ասում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով այսպես կոչված «միջանցք»-ի մասին հաճախ հնչող խոսքերին, Ադրբեջանի կողմից պահանջներին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, որ նման հարց իրականության մեջ չկա:

«Հայաստանը որեւէ ժամանակ չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որեւէ հարց: ‘’Միջանցք’’-ի հարցը Բրյուսելում որոշակի չափով եւս մեկ անգամ հաստատեց, որ այդպիսի թեմա չկա: Դա ֆեյք թեմա է, որը բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է բանակցային գործընթացի վրա»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *