Միջազգային հանրապետական հաստատության (IRI) հարցման մասնակիցների կարծիքով ՀՀ-ի առջև ծառացած հիմնական խնդիրներն են քաղաքական անկայունությունը, ռազմագերիների վերադարձը և գործազրկությունը. գրում է VOA-ն: Միջազգային հանրապետական հաստատության (IRI) շուրջ 1500 քաղաքացու շրջանում ապրիլ-մայիսին անցկացված հարցումների համաձայն՝ Հայաստանի բնակչությանը մտահոգող առանցքային խնդիրներն են ռազմագերիների վերադարձը, քաղաքական կայունության վերականգնումն ու գործազրկության նվազումը, Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում նշում է IRI եվրասիական տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Սթեֆեն Նիքսը: Նրա կարծիքով՝ կարևոր է նաև չորրորդ գործոնը, որը վերաբերում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում առկա հոռետեսական տրամադրություններին: « Դրանք են այս հարցման չորս հիմնական բացահայտումները, որոնց մասին մենք տեղեկացրել ենք կառավարությանը: Ակնհայտ է, թե ինչ են ակնկալում մարդիկ հունիսին կայանալիք ընտրություններից հետո ձևավորվող նոր կառավարությունից»,- ասում է Նիքսը: Հարցման համաձայն՝ գալիք ընտրություններում ակնկալվում է մասնակցության բարձր ցուցանիշ: Հարցվողների ճնշող մեծամասնությունը՝ 72 տոկոսը, անպայման կամ ամենայն հավանականությամբ կմասնակցի գալիք ընտրություններին: «Դա ապշեցուցիչ թիվ է` հաշվի առնելով այն ամենն, ինչը տեղի է ունեցել Հայաստանում այս կարճ ժամանակահատվածում: Դա ևս մեկ ցուցանիշ է, որ մարդիկ հավատում են ժողովրդավարությանը, ցանկանում են, որ այն գործի: Մենք դա դիտարկում ենք որպես ցուցանիշ»,- շեշտում է Նիքսը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
0 Մեկնաբանություն