Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ծավալուն հարցազրույց է տվել Habertürk TV-ին։ Ի թիվս այլ հարցերի՝ նա անդրադարձել է նաև Թուրքիա-Հայաստանի հարաբերություններին, հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով Habertürk TV-ն։
Նշելով, որ Թուրքիան Եգիպտոսի, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման փուլի մեջ է՝ Քալընը շեշտել է, որ միջազգային հարաբերություններում չկա հավերժական թշնամություն։
«Խաղաղություն եք հաստատում, հաշտվում եք և շարունակում ձեր ճանապարհը»։
Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մասնավորապես ասել է հետևյալը.
«Հայաստանի հետ ուենցած սահմանը ինչու՞ 1992թ. փակեցինք, ինչու՞ հարաբերությունները սառեցրեցինք։ Ղարաբաղի օկուպացիայի պատճառով։ Հիմա, փառք Աստծո, տեսե՛ք, 30 տարի անց պայմաններն այնպես փոխվեցին, այնպես ձևավորվեցին, որ Ադրբեջանն ու Թուրքիան միավորվեցին, Ղարաբաղն ազատագրվեց։ Եվ մենք Հայաստանի հետ կարգավորման գործընթաց սկսեցինք։
Հայաստանի հետ մենք հնուց եկած, հավերժական թշնամություն չունենք և չենք կարող ունենալ։ Նրանք մի սխալ արեցին, Ղարաբաղն օկուպացրեցին, դրա դիմաց մենք դիրքորոշում որդեգրեցինք»։
Էրդողանի խոսնակն այնուհետև դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների աշխատանքից՝ համարելով, այդ եռյակը չկարողացավ ոչինչ անել, ինչի հետևանքով հակամարտությունը 30 տարի այդպես էլ սառեցված մնաց։ Եվ ըստ նրա՝ դա էր պատճառը, որ Թուրքիան և Ադրբեջանը միավորվեցին ռազմական ուժի, տնտեսական ուժի առումով ու խնդիրը լուծեցին։
«Այս պահին մենք հարաբերությունները կարգավորում ենք: Մենք լուրջ, արագ կարգավորման գործընթացով ենք անցնում Հայաստանի հետ»,- նշել է Քալընը։
0 Մեկնաբանություն