Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ «Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար»։
Ստորև՝ հեռուստաընկերության պարզաբանումը՝
««Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար
«Քրոնիկոն»-ի 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին։
«Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը պարզաբանում է, որ դա եղել տեխնիկական սխալ, ափսոսանք է հայտնում և ներողություն է հայցում թույլ տված սխալի համար։
Սյուժեի այդ հատվածը կհեռացվի Հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից»։
Հիշեցնենք՝ սոցիալական ցանցում աղմուկ էր բարձրացել այն հարցի առնչությամբ, որ մածունի արտահանման արգելքի մասին հեռուստաընկերության տեսանյութում հաղորդավարների հետին պլանում ապակյա տարաների վրա հայերեն տառերով գրված է եղել «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է»։
0 Մեկնաբանություն