Միջազգային

Իրան-ԱՄՆ հարաբերությունները արդի փուլում՝ «ժամանակավոր անդորր մեծ փոթորկից առաջ». Արմեն Վարդանյան

2015թ. Իրանի և «Վեցյակ»-ի (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները և Գերմանիան) միջև միջուկային համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ստորագրումից հետո թվում էր՝ առաջիկա տարիներին վերջնականապես կհանգուցալուծվի ժամանակակից միջազգային հարաբերություններում առկա ամենաբարդ հակամարտություններից մեկը՝ 40 տարուց ավելի ձգվող Իրան-ԱՄՆ հակամարտությունը: Սակայն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հաջորդած Դոնալդ Թրամփը 2018թ. մայիսի 8-ին հայտարարեց միջուկային համաձայնագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ աննախադեպ, պատմությունը մինչ այժմ չտեսած պատժամիջոցներ կիրառելու մասին, պարզ դարձավ, որ ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններում սկիզբ առած «ձնհալն» ավարտվել է, և Թրամփի կառավարման հետագա ամբողջ ժամանակահատվածն ուղեկցվելու է Թեհրանի դեմ տարվող չափազանց կոշտ պատժամիջոցային և նրան մեկուսացնելու քաղաքականությամբ: Ակնհայտ էր, որ ԱՄՆ-ը փորձելու է «անկյուն մղել» Իրանին և հասնել նրան, որ նոր համաձայնագիր կնքվի այդ երկրի հետ: Ավելին, երկու երկրների հարաբերություններում լարվածությունն այնքան խորացավ, որ Իրաքում ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմի Սոլեյմանիի սպանությունից հետո երկու երկրները կանգնեցին ուղղակի պատերազմի շեմին:

«ԻՐԱՆԻՆ ՃԶՄԵԼՈւ» ԹՐԱՄՓԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ

Դեռևս իր նախընտրական ընտրարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի միջուկային համաձայնագիրը «դարի ամենավատ գործարքն» է, և այն պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի, որով կսահմանափակվի նաև Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, և մի շարք այլ կետեր կավելացվեն դրանում, այլապես Թրամփը սպառնում էր դուրս գալ ԳՀՀԾ-ից: Եթե նախկինում Բարաք Օբամայի վարչակազմը կարծում էր, որ միջուկային համաձայնագրի կնքումով Իրանի նկատմամբ պետք է վարել «ներգրավման քաղաքականություն», ինչի հետևանքով Թեհրանը Վաշինգտոնի համար կդառնա ավելի կանխատեսելի երկիր, ապա Օբամային հաջորդած Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Իրանի նկատմամբ պետք է վարել տրամագծորեն հակառակ՝ «առավելագույն ճնշման քաղաքականություն»: ԱՄՆ նախագահի և նրա մերձավոր դաշնակից Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի կարծիքով՝ միջուկային համաձայնագրի կնքումով Իրանն ընդամենը ժամանակ էր շահում տնտեսապես հզորանալու համար և չի հրաժարվել ապագայում միջուկային զենք ստեղծելու գաղափարից: Ուստի պետք է «ճզմել» Իրանին, որպեսզի վերջինս փոխի իր վարքագիծը:

Քանի որ Թեհրանը հրաժարվեց ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ սկսել և վերանայել 2015թ. միջուկային համաձայնագիրը, 2019թ. կեսերից Վաշինգտոնը սկսեց խիստ պատժամիջոցներ սահմանել Իրանի բանկային, առևտրա-ֆինանսական, էներգետիկ, ռազմական և այլ ոլորտների հաստատությունների նկատմամբ: Ավելի ուշ պատժամիջոցների ներքո հայտնվեց նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), որը հռչակվեց ահաբեկչական կազմակերպություն: Դա պատմության մեջ առաջին դեպքն էր, որ Միացյալ Նահանգները մեկ այլ պետության բանակի որևէ ստորաբաժանում դասակարգում էր որպես ահաբեկչական կազմակերպություն և պատժամիջոցներ սահմանում նրա նկատմամբ: Բացի այդ սահմանվեցին նաև անհատական պատժամիջոցներ Իրանի բարձաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որտեղ հայտնվեցին նաև երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին և արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Միաժամանակ, ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու դիմաց առաջ քաշեց 12 պայման : Դրանք են՝

1. ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացնել միջուկային ծրագրի բոլոր նախորդ ռազմական ասպեկտների մասին և հավերժորեն ու արժանահավատ կերպով հրաժարվել դրանից:

2. Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը և երբեք չկատարի պլուտոնիումի վերամշակում: Դա ներառում է նաև ծանր ջրի ռեակտորի փակումը:

3. Պետք է ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներին միջուկային մշակումների օբյեկտներ անսահմանափակ մուտք գործելու հնարավորություն տա:

4. ԱՄՆ-ը պահանջում է, որ Իրանն ամբողջությամբ և անվերապահորեն հրաժարվի բալիստիկ հրթիռների արտադրությունից և տարածումից:

5. Թեհրանը պետք է ազատ արձակի իր բանտերում գտնվող ԱՄՆ-ի, ինչպես նաև նրա գործընկեր և դաշնակից երկրների քաղաքացիներին:

6. Իրանը պետք է դադարեցնի աջակցությունը Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում՝ լիբանանյան «Հըզբոլահ»-ին, պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ին և «Իսլամական ջիհադ»-ին:

7. Պետք է հարգի Իրաքի ինքնիշխանությունը և թույլ տա շիա աշխարհազորայինների զինաթափումը, զորացրումը և վերաինտեգրումը:

8. Իրանը պետք է դադարեցնի իր ռազմական աջակցությունը Հութի աշխարհազորայիններին և քայլեր ձեռնարկի Եմենում խաղաղ քաղաքական կարգավորման ուղղությամբ:

9. Պետք է հետ քաշի իրանական հրամանատարության ներքո գտնվող բոլոր ուժերը Սիրիայի ամբողջ տարածքից:

10. Իրանը պետք է դադարեցնի թալիբների և Աֆղանստանի ու տարածաշրջանի այլ ահաբեկիչներին աջակցությունը և իր մոտ թաքցնելն ալ-Քաիդայի բարձրաստիճան առաջնորդներին:

11. Դադարեցնի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման աջակցությունն իր ահաբեկիչ և աշխարհազորային գործընկերներին ամբողջ աշխարհում:

12. Դադարեցնի տարածաշրջանում ամերիկյան հիմնական դաշնակիցների՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և Արաբական միացյալ էմիրությունների դեմ սպառնալիքները:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ԻՐԱՆԻ ՎՐԱ

Ամերիկյան պատժամիջոցները, բնականաբար, ահռելի վնաս են հասցրել իրանական տնտեսությանը և իշխող վարչակարգին: Պատժամիջոցների սահմանումից ի վեր իրանական ազգային արժույթը զգալիորեն արժեզրկվել է, իսկ գնաճը գերազանցել է 40 տոկոսը: Վերջին տվյալների համաձայն՝ իրանական ազգային արժույթը շուկայում հասել է իր ամենացածր մակարդակին՝ 1 դոլարի արժեքը շուկայում կազմում է 150․000 ռիալ, այն դեպքում, երբ դոլարի՝ պետականորեն սահմանված փոխարժեքը 42․000 ռիալ է: Նախորդ տարվա դեկտեմբերին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարեց, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում այդ երկրի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների հետևանքով Իրանը կրել է 200 մլրդ դոլարի վնաս և կորցրել իր նավթի արտահանման 90 տոկոսը, որը կազմում է նրա եկամտի հիմնական աղբյուրը :

Ըստ նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) տվյալների՝ եթե 2018թ. սկզբին՝ նախապատժամիջոցային շրջանում, Իրանի նավթի արտահանումը հասնում էր օրական 3,8 միլիոն բարելի, ապա վերջին տվյալներով՝ հում նավթի արտահանումը կազմում է օրական 248․000 բարել:

Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ Իրանի արտարժույթի պաշարները կրճատվել են՝ հասնելով 86 միլիարդ դոլարի, ինչը 20 տոկոսով ցածր է 2013թ․ մակարդակից:

Համաշխարհային բանկի գնահատականների համաձայն՝ Իրանի տնտեսությունը 2019թ. նախորդ տարվա համեմատ կրճատվել է 8,7%-ով: Կառույցի կանխատեսումներով՝ Իրանի ՀՆԱ-ի աճը 2020թ. կկազմի 0%, իսկ 2021 և 2022թթ.՝ 1%: Սակայն դատելով վերջերս Իրանում կորոնավիրուսի և նավթի համաշխարհային գների աննախադեպ անկման պատճառով երկրի տնտեսությանը պատճառված վնասներից՝ կարելի է եզրակացնել, որ պատկերն ավելի սարսափելի է:

Բնականաբար, Իրանի տնտեսական վիճակի վատթարացումը, սոցիալ-տնտեսական խնդիրները չէին կարող չազդել նաև երկրի ներքաղաքական վիճակի վրա: Այդ երկրում սովորական են դարձել սոցիալական հարցերով բողոքի ցույցերը, որոնց ժամանակ նաև քաղաքական կարգախոսներ են հնչեցվում, և այդ ցույցերը հաճախ ավարտվում են ոստիկանության հետ բախումներով ու մարդկային զոհեր գրանցելով: Ամենաշատ զոհերը գրանցվեցին նախորդ տարվա աշնանը, երբ բողոքի ցույցերի ժամանակ իշխանության կողմից կիրառած բռնի ուժի հետևանքով, ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների, զոհվեց ավելի քան 200 ցուցարար: Ու չնայած իշխանություններին մեծ դժվարությամբ հաջողվեց ճնշել ցույցերը, ակնհայտ է, որ երկրում ներքաղաքական լարվածությունն ամեն պահ կարող է դուրս գալ վերահսկողությունից:

Այս իրավիճակը նաև մեկ այլ խնդիր է առաջացրել՝ հասարակության մի գալի մասը հիասթափվել է բարեփոխիչ քաղաքական գործիչներից, և Հասան Ռոուհանիի գլխավորած բարեփոխիչների թևը զգալիորեն կորցրել է իր հեղինակությունն ու ազդեցությունը երկրում: Պատահական չէ, որ Իրանում վերջերս կայացած խորհրդարանական և Բանիմացների խորհրդի միջնաժամկետ ընտրությունների արդյունքում պահպանողականները և կոշտ գծի կողմնակիցները` hardliner-ները, ահռելի ներկայություն ստացան այդ կառույցներում: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսության հնարավորությունն ավելի է նվազել:

ԻՐԱՆ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՓՐԿՕՂԱԿ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման խորապատկերին Իրանի համար չափազանց կարևոր նշանակություն ունեն Եվրամիության հետ հարաբերությունները: Թեհրանը, մի կողմից, փորձում է այնպես անել, որ Բրյուսելն առնվազն չեզոքություն պահպանի Իրան-ԱՄՆ հակամարտության մեջ, չմիանա ամերիկյան պատժամիջոցներին, ինչը կարող է վերջնականապես փլուզել կաթվածահար վիճակում հայտնված Իրանի տնտեսությունը, մյուս կողմից էլ Իրանը լուրջ տնտեսական կապեր ունի Եվրամիության հետ, որոնք, ճիշտ է, ամերիկյան պատժամիջոցների հետևանքով տարեցտարի անկում են ապրում, սակայն դեռևս ընդգրկուն են: Այսպես, 2019թ․ հունվարից մինչև հոկտեմբերի վերջը եղած տվյալներով՝ ԵՄ-ի և Իրանի միջև առևտրի ծավալը կազմել է 4,3 միլիարդ եվրո, ինչը 75 տոկոս անկում է նախորդ տարվա համեմատ: Եվրոպա
կան արտահանումն Իրան 2018թ․ նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 53%-ով և կազմել 3,7 միլիարդ եվրո, իրանական արտահանումը Եվրոպա նվազել է 94% -ով և կազմել 586 միլիոն եվրո:

Եվրամիությանը նույնպես ձեռնտու է Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը մի քանի տեսանկյունից․ նախ՝ Բրյուսելն ամեն կերպ շահագրգռվածություն է ցուցաբերում միջուկային գործարքը պահպանելու ուղղությամբ, որպեսզի Իրանն ավելի կանխատեսելի լինի միջազգային հանրության համար: Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին, ԵՄ անվտանգության և արտաքին հարցերով այն ժամանակվա հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Իրանին կոչ արեց զսպվածություն ցուցաբերել, չգնալ ծայրահեղ քայլերի և դուրս չգալ ԳՀՀԾ-ից: Փոխարենը Բրյուսելը Թեհրանին խոստացավ երաշխավորված տնտեսական արտոնություններ ԳՀՀԾ-ից Իրանի դուրս չգալու դիմաց: Բացի այդ Իրանում դեռևս գործում են եվրոպական ընկերություններ՝ չնայած դրանց մեծ մասը դուրս է եկել այդ երկրից: Ուստի Իրանի տնտեսական շահերն ապահովելու համար ԵՄ-ը նախ «վերակենդանացրեց» եվրոպական ներդրումներն ամերիկյան պատժամիջոցներից պաշտպանելու մասին օրենքը (Blocking Statute), որն ընդունվել էր դեռևս 1996թ.՝ Կուբայում եվրոպական ներդրողներին պաշտպանելու համար: Սակայն չնայած այդ օրենքի ընդունմանը՝ եվրոպական շատ խոշոր ընկերություններ դուրս են եկել Իրանից կամ հայտարարել, որ այլևս խզում են այդ երկրի հետ առևտրա-տնտեսական կապերը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այն երկրները, որոնք առևտուր կանեն Իրանի հետ, չեն կարողանա տնտեսական կապեր ունենալ ԱՄՆ-ի հետ և կհայտնվեն պատժամիջոցների ներքո:

Այնուհետև եվրոպական առաջատար եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, գործարկեցին մի նոր առևտրա-ֆինանսական մեխանիզմ, որը կոչվում է INSTEX (Instrument in Support of Trade Exchanges): Քանի որ ԱՄՆ-ն Իրանին դուրս է մղել SWIFT բանկային համակարգից, նախատեսվում էր, որ այդ մեխանիզմի գործարկումից հետո ԵՄ-ը և Իրանը կարող են ֆինանսական գործարքներ կատարել՝ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները: Նույնիսկ հատուկ այդ նպատակի համար ստեղծվեց գրասենյակ, որը տեղակայված է Փարիզում: Ավելի ուշ եվրոպական 6 երկրներ հայտարարեցին, որ միանում են INSTEX-ին: Եվրամիության ղեկավարները հայտարարել են, որ այն բաց է նաև Եվրամիության անդամ չհանդիսացող 3-րդ երկրների համար, և մի շարք երկրներ, ինչպես օրինակ՝ Ռուսաստանը, Չինաստանը և այլ երկրներ, նույնպես ցանկություն են հայտնել միանալու այդ մեխանիզմին: Իրանն իր հերթին ստեղծել է INSTEX-ի հայելային մեխանիզմը, որը կոչվում էր Առևտրային և ֆինանսական հատուկ գործիք` STFI (Special Trade and Finance Instrument), որի միջոցով պետք է կատարվեին ֆինանսական գործարքները: Սակայն ավելի ուշ եվրոպացի պաշտոնյաները հայտարարեցին, որ STFI-ն չի բավարարում իրենց ֆինանսական թափանցիկության պահանջները, և INSTEX-ը գործնականում դեռևս չի գործում:

2019թ. միջազգային մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Իրանին որոշակի տնտեսական արտոնություններ ապահովելու և ԳՀՀԾ-ի մեջ պահելու համար Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանին առաջարկել է 15 միլիարդ դոլարի վարկային գիծ: Դրան ի պատասխան՝ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հայտարարեց, որ Իրանը կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով նախատեսված ստանձնած պարտավորություններին, եթե նա չորս ամսվա ընթացքում ստանա 15 միլիարդ դոլար վարկ իր նավթի վաճառքին աջակցելու համար, ինչպես դա նախատեսված է միջուկային համաձայնագրի փրկության Ֆրանսիայի նախագծով:

Ի պատասխան Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությանը՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը հայտարարեց, որ Ֆրանսիան չի կարող Իրանին տրամադրել 15 միլիարդ դոլար վարկային գիծ առանց ԱՄՆ-ի հավանության : Նախարարը բացատրեց, որ Թեհրանին նման վարկ տրամադրելը Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցների խախտում կլինի:

Այնուամենայնիվ, չնայած ԵՄ անդամ երկրների գործադրած բոլոր ջանքերին, որպեսզի Իրանը մնա միջուկային գործարքում և որոշակի տնտեսական շահույթ ունենա, Թեհրանը բացահայտորեն դժգոհություն է հայտնում եվրոպական եռյակից առ այն, որ վերջինս չի կատարում իր ստանձնած պարտավորությունները:

2019թ. մայիսից սկսած Իրանը հայտարարեց միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններից աստիճանաբար մի քանի փուլով հրաժարվելու մասին և 2020թ. հունվարի սկզբին՝ իր պարտավորություններից հրաժարվելու 5-րդ՝ վերջին փուլի մասին: Այժմ Իրանը պաշտոնապես դուրս չի եկել ԳՀՀԾ-ից, սակայն դադարեցրել է հարստացված ուրանի արտադրության բոլոր սահմանափակումները, որոնք կարող են օգտագործվել ռեակտորի վառելիքի, ինչպես նաև միջուկային զենքի արտադրության համար: Միևնույն ժամանակ, Իրանը հայտարարել է, որ կշարունակի թույլ տալ ՄԱԿ-ի միջուկային դիտորդին մուտք գործել իր միջուկային օբյեկտներ, իսկ նախագահ Հասան Ռոուհանին և Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին մի քանի անգամ հայտարարել են, որ Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել:

Ակնհայտ է, որ Իրանը վերջնականապես չի փակում եվրոպական կողմի հետ բանակցությունների դուռը, չի հայտարարում միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին, քանի որ այդ դեպքում համաձայնագրի անդամ հանդիսացող եվրոպական երկրները կարող են միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և միանալ ամերիկյան պատժամիջոցներին: Բրյուսելը նախկինում մի քանի անգամ հայտարարել է, որ եթե Թեհրանը դուրս գա միջուկային համաձայնագրից, ապա ԵՄ-ը նույնպես պատժամիջոցներ կսահմանի Իրանին նկատմամբ: Առայժմ Եվրամիության պաշտոնյաները հայտարարում են, որ իրենք ուշիուշով կհետևեն ՄԱԳԱՏԷ-ի զեկույցներին:

Պետք է նշել, որ Իրան-ԵՄ հակասությունները հանգեցրել են նրան, որ հունվարի 14-ին եվրոպական առաջատար եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, հայտարարեցին, որ գործարկում են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) նախատեսված վեճերի լուծման մեխանիզմը: Ըստ ԳՀՀԾ 36-րդ հոդվածի՝ եթե միջուկային համաձայնագրի անդամ հանդիսացող երկրներից մեկը չի կատարում համաձայնագրով նախատեսված պարտավորությունները, ապա կարող է գործարկվել վեճերի լուծման մի մեխանիզմ, որով ստեղծվում է համատեղ հանձնաժողով՝ քննելու համար առաջացած խնդիրները: Դրանից հետո հարցը կարող է տեղափոխվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, քանի որ ԳՀՀԾ-ը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շրջանակներում կնքված փաստաթուղթ է: Այս կապակցությամբ կարծիքները բաժանվել են երկու մասի։

Որոշ քաղաքական գործիչների և վերլուծաբանների կարծիքով՝ այս քայլով ԳՀՀԾ-ը վերջնականապես կփլուզվի, սակայն գերակշռող են այն կարծիքները, որ այս քայլով եվրոպական եռյակը չի ցանկանում Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, այլ ընդամենը ժամանակ է ձգձգում մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններ:

Եվրոպական կողմը, ամենայն հավանականությամբ, կփորձի հնարավորինս երկար ձգձգել այդ գործընթացը և օգտագործել այն որպես լծակ՝ Իրանին նոր բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու և ավելի ագրեսիվ գործողություններից զերծ պահելու համար: Այնհայտ է, որ Բրյուսելում նույնպես սպասողական վիճակ է․ ԵՄ-ում սպասում են ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրությունների արդյունքներին, որից հետո միայն վերջնական որոշում կկայացնեն ԳՀՀԾ-ի մասով: Հենց դրանով էր պայմանավորված այն, որ ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականությունների բարձրագույն ներկայացուցիչ Խոսեպ Բորելը վերջերս հայտարարեց, որ պետք չէ շտապել, և այդ հանձնաժողովը պետք է շարունակի քննարկումները փորձագիտական մակարդակում, մանրամասն ուսումնասիրի ստեղծված իրավիճակը և նոր միայն որոշում կայացնի: Նա նաև հայտարարեց, որ Իրանը պետք է տնտեսական արտոնություններ ստանա միջուկային համաձայնագրում մնալու համար:

Ինչ վերաբերում է վեճերի լուծման հարցով համատեղ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշմանը, ապա պետք է նշել, որ Վաշինգտոնը ողջունել է Բրյուսելի այդ քայլը: Ամենայն հավանականությամբ, Թրամփի վարչակազմը կփորձի ճնշումներ գործադրել Եվրամիության վրա, որպեսզի վերջինս նույնպես դուրս գա միջուկային համաձայնագրից և միանա ամերիկյան պատժամիջոցներին:

Իր հերթին Իրանը քննադատել է ԳՀՀԾ-ի հարցով վեճերի լուծման մեխանիզմ գործարկելու եվրոպական որոշումը՝ հայտարարելով, որ ինքը կատարել է միջուկային համաձայնագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունները, և որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան պետք է նախապատրաստվեն այս քայլի հետևանքներին: Միևնույն ժամանակ, Թեհրանը հայտարարել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ լիովին պատրաստ է վերադառնալ միջուկային համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունների կատարմանը, եթե Եվրոպական եռյակը կատարի իր պարտավորությունները: Բացի այդ Իրանի արտգործնախարար Զարիֆը նաև սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման համաձայնագրից (ՄԶՉՀ)-ից, եթե միջուկային խնդիրը տեղափոխվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, իսկ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն եվրոպացիներին սպառնացել է, որ Իրանը կարող է վերսկսել Շահաբ-4 բալիստիկ հրթիռային ծրագրի մշակման աշխատանքները: «Եթե Իրանը ներկայացնի իր ռազմական հնարավորությունները, եվրոպացիների անվտանգությունը վտանգի տակ կլինի» , – հայտարարել է իրանցի խորհրդարանականը:

ՀԱՎԱՆԱԿԱՆ ԴԻՊԱՇԱՐԵՐ

Իրան-ԱՄՆ պրոքսի պատերազմներն այլ երկրների տարածքներում

Ստեղծված իրավիճակում ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարող են ունենալ զարգացման մի քանի հավանական դիպաշարեր: Ամենահավանականն այն է, որ կողմերի միջև լարվածությունը, փոփոխական ուժգնությամբ, կշարունակվի մինչև նոյեմբեր՝ ԱՄՆ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրություններ։ Դոնալդ Թրամփը կփորձի առավել ուժեղացնել ճնշումներն Իրանի նկատմամբ և հասնել նրան, որ ԱՄՆ-ի համար ավելի շահավետ պայմաններով նոր միջուկային համաձայնագիր կնքվի: Դա կարող է դառնալ արտաքին քաղաքականության մեջ մի յուրօրինակ հաջողության պատմություն (success story) նախագահ Թրամփի համար, ինչը կարող է էլ ավելի բարձրացնել նախագահական ընտրություններում նրա վերընտրվելու հնարավորությունները: Չնայած դրան՝ պետք է նշել, որ նոր միջուկային համաձայնագիր կնքելու հնարավորություններն այդքան էլ մեծ չեն:

Իրանը մի քանի անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում նոր համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, քանի որ դա չի բխում իր շահերից, սակայն նույնիսկ եթե տեսականորեն Թեհրանը պատրաստ լինի նոր համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ, ապա որևէ երաշխիք չկա, որ ԱՄՆ հաջորդ նախագահը չի խախտի այն, քանի որ արդեն մեկ անգամ Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս է եկել միջուկային համաձայնագրից:

Հետևաբար Իրանը կփորձի դիմակայել ամերիկյան ճնշումներին՝ այն հույսով, որ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին կհաղթի դեմոկրատների թեկնածուն, և Վաշինգտոնը նորից կվերադառնա միջուկային համաձայնագրին: Պետք է նշել, որ գալիք նախագահական ընտրություններին դեմոկրատների թեկնածու դառնալու մրցապայքարում մնացած երկու թեկնածուները հայտարարել են, որ նախագահ ընտրվելու դեպքում իրենք կվերանայեն Դոնալդ Թրամփի որոշումը և կվերադառնան ԳՀՀԾ-ին: Այսպես, Բեռնի Սանդերսը վերջերս նախընտրական դեբատներից մեկի ժամանակ հայտարարել է հետևյալը․ «Մենք չենք կարող շարունակել միակողմանիորեն գործելը: Իրանի հետ միջուկային գործարքը մշակվել է մեր մի շարք դաշնակիցների հետ: Մենք պետք է չեղարկենք այն գործողությունները, որոնք արել է Թրամփը, նորից հետ բերենք այդ կոալիցիան և համոզվենք, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չի բերի» :

Իսկ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն ամերիկյան «Foreign Policy» ամսագրի համար գրված հոդվածում նշել է, որ իր ընտրվելու դեպքում Վաշինգտոնը կվերադառնա միջուկային համաձայնագրին, եթե Թեհրանը վերադառնա ԳՀՀԾ-ի ներքո ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարմանը: Բայդենի կարծիքով՝ այդ համաձայնագրից դուրս գտնվող Իրանն անվերահսկելի և անկանխատեսելի է ու կարող է միջուկային զենք ստեղծել՝ սպառնալիքներ առաջացնելով ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար :

Այս կապակցությամբ Իրանում շրջանառվում են տեսակետներ, որ այդ երկիրը պետք է ծրագրեր մշակի, որպեսզի խափանի Դոնալդ Թրամփի վերընտրվելը, ինչպես որ դա եղավ Իսլամական հեղափոխությունից հետո՝ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերի դեպքում։ Դա կարող է տեղի ունենալ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետների, պաշտոնատար անձանց կամ զինվորականների սպանության տեսքով կամ էլ երրորդ երկրների տարածքում ամերիկյան բազաների վրա հարձակմամբ, ինչը ստվեր կգցի նախագահ Թրամփի հեղինակության վրա և կնվազեցնի նախագահի պաշտոնում վերընտրվելու նրա հնարավորությունները:

Թվում է՝ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ը և Իրանը կշարունակեն այլ երկրների տարածքում վաղուց առաջացած միջնորդավորված` պրոքսի պատերազմները (proxy war)։ Վերջին մի քանի տարիներին այդ երկրների միջև սկիզբ առած պրոքսի պատերազմների ամենամեծ թատերաբեմը դարձել է Իրաքը, որտեղ Վաշինգտոնը և Թեհրանը փորձում են միմյանց դուրս մղել այդ երկրից ու ամրապնդել իրենց ազդեցությունը: Օրինակ, նախորդ տարվա աշնանն ԱՄՆ-ի՝ Իրաքի իշխանությունների վրա գործադրած ճնշումներից հետո, երբ պաշտոնական Բաղդադը հրաժարվեց զինաթափել «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորմանը և սահմանափակել Իրանի հետ հարաբերությունները, այդ երկրում բողոքի ցույցեր սկսվեցին, որոնք հանգեցրեցին վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդիի հրաժարականին և Էն-Նաջաֆ, Բասրա ու Քերբալա քաղաքներում գտնվող Իրանի հյուպատոսական շենքերի վրա կատարված հարձակումներին: Իրանն ԱՄՆ-ին մեղադրեց Իրաքում հակաիրանական տրամադրություններ բորբոքելու մեջ:

Իրանը, իր հերթին, մշտապես քայլեր է ձեռնարկում Իրաքից ԱՄՆ-ին դուրս մղելու ուղղությամբ և այդ նպատակի իրագործման համար օգտագործում Իրաքում բավականին մեծ ազդեցություն ունեցող պրոիրանական ուժերին: Մասնավորապես, նախորդ տարվա ընթացքում մի քանի անգամ հարձակումներ տեղի ունեցան Իրաքի մայրաքաղաք Բաղդադի «Կանաչ գոտում» գտնվող ամերիկյան դեսպանատան վրա, իսկ դեկտեմբերի 27-ին Իրաքի հյուսիսում գտնվող Քիրկուկ քաղաքում հրթիռային հարձակման հետևանքով զոհվեց ԱՄՆ դեսպանատան պայմանագրային աշխատող և վիրավորվեց 4 ամերիկացի զինծառայող: Երկու օր անց ԱՄՆ-ը պատասխան հարվածներ հասցրեց Իրաքում և Սիրիայում գտնվող պրոիրանական «Քաթաիբ Հեզբոլլահ» իրաքյան զինված խմբավորման դիրքերին, որի հետևանքով սպանվեց առնվազն 25 զինյալ և վիրավորվեց՝ 55-ը: Դրանից հետո դեկտեմբերի 31-ին ցուցարարները հարձակվեցին ամերիկյան դեսպանատան վրա, որի հետևանքով զոհվեց ամերիկացի պայմանագրային աշխատող: Երկու օր անց՝ 2020թ. հունվարի 2-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ամերիկյան զինված ուժերը ֆիզիկապես ոչնչացրել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» էլիտար ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիին և Իրաքի Հաշդ ալ-Շաբի խմբավորման հրամանատարի տեղակալ Ալի Մուհանդիսին: ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Սոլեյմանին պատասխանատվություն է կրում «հարյուրավոր մարդկանց մահվան համար» և ծրագրում էր հարձակվել ամերիկացի դիվանագետների և ծառայության անդամների վրա Իրաքում և ողջ տարածաշրջանում»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս հանդուգն որոշումից հետո նույնիսկ մի պահ Իրան-ԱՄՆ ուղղակի պատերազմի վտանգ ստեղծվեց: Ի պատասխան գեներալ Ղասեմի Սոլեյմանիի սպանության՝ Իրանը հրթիռակոծեց Իրաքում գտնվող ամերիկյան 2 ռազմաբազա, սակայն դրա հետևանքով ամերիկյան կողմից որևէ զոհ չարձանագրվեց: Որոշ փորձագետների կարծիքով՝ այդ հրթիռակոծությունների արդյունքում մարդկային զոհերի և էական նյութական կորուստներ չգրանցվելու պատճառն այն է, որ Իրանը չի ցանկացել էլ ավելի սրել իրավիճակը, այլ փորձել է իր սեփական դեմքը փրկելու նպատակով ընդամենը հարվածել

ամերիկյան ռազմաբազաներին՝ առանց մարդկային կորուստներ հասցնելու նրան: Ավելի ուշ ամերիկացի որոշ փորձագետներ և Պենտագոնին մոտ կանգնած աղբյուրներ ամերիկյան մամուլում հայտնել էին, որ Իրանն ամերիկյան ռազմաբազաներին հարվածներ հասցնելուց առաջ նախապես տեղյակ է պահել ամերիկյան կողմին: Ակնհայտ է, որ Իրանին ձեռնտու չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բախման գնալը, քանի որ դա կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի՝ դրանից բխող հետևանքներով:

Հարկ է նշել, որ Իրան-ԱՄՆ լարվածության խորապատկերին վերջին մեկ տարում ԱՄՆ-ն ավելացրել է իր զորքերի առկայությունը Մերձավոր Արևելքում և Իրանին սահմանակից որոշ այլ երկրներում, ինչի հետևանքով նախորդ տարվա մայիսից սկսած ԱՄՆ-ը մոտ 14․000 զինծառայողների է տեղակայել այդ տարածաշրջաններում: Ներկայումս ըստ որոշ տեղեկությունների՝ ԱՄՆ-ը մոտ 60․000-70․000-անոց զորք ունի Մերձավոր Արևելքում և Իրանին շրջապատող երկրներում: Մասնավորապես, Աֆղանստանում կա 14․000, Բահրեյնում՝ ավելի քան 7․000, Իրաքում՝ 5․200, Քուվեյթում՝ ավելի քան 13․000, Օմանում՝ մի քանի հարյուր ամերիկացի զինվորներ: Բացի այդ 13․000 ամերիկացի զինվորականներ գտնվում են Քաթարում, որտեղ նախատեսվում է ընդլայնել բազաները: Նախորդ տարվա նոյեմբերին Թրամփի վարչակազմը հայտարարեց, որ մոտավորապես 3․000 հոգանոց ամերիկյան զորախումբ կուղարկվի Սաուդյան Արաբիա՝ տարածաշրջանն Իրանի և նրա պրոքսիների թշնամական գործողություններից պաշտպանելու համար: Բացի այդ ամերիկացի 5․000 հոգանոց զորախումբ է տեղակայված Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Հորմուզի նեղուցի մոտակայքում, մոտ ․ հոգանոց ամերիկյան ռազմական հավաքակազմ կա Սիրիայում և սահմանափակ քանակով՝ Թուրքիայում (Իզմիրում և Ինջիրլիքում):

Ամերիկյան այդպիսի մեծաքանակ զինուժի առկայությունը տարածաշրջանում մեծացնում է զինված բախման հավանականությունը: Տարբեր տվյալներով՝ Իրանի պրոքսիների թիվն այլ երկրներում կազմում է մոտ 200․000 զինյալ: Շատ հաճախ Իրանը հենց այդ պրոքիսների միջոցով է հարձակումներ գործում իր թշնամի երկրների վրա: Այդպիսի պրոիրանական զինված խմբավորումներ են համարվում Լիբանանում գործող «Հեզբոլահը», Եմենում գործող շիական հութի ցեղախմբի «Անսար Ալլահ» խմբավորումը, իրաքյան «Հաշդ ալ-Շաբին», պաղեստինյան «Համասը», աֆղանստանյան «Ֆաթեմիյուն» և պակիստանյան «Զեյնաբիյուն» շիական կազմակերպությունները: Վերջերս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիր Հաջիզադեն հայտարարեց, որ Իրանը կարող է ամերիկյան զորքերին հարվածներ հասցնել ամբողջ տարածաշրջանով մեկ և խոստովանեց, որ Ղասեմի Սոլեյմանիի սպանությունից հետո հրթիռակոծելով Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները, իրենք չեն ցանկացել սպանել ամերիկացի զինվորներին, այլապես կարող էին սպանել մի քանի հարյուր ամերիկացի զինծառայողների: «Եթե մենք ցանկանայինք սպանել նրանց, կարող էինք օպերացիան այնպես մշակել, որ առաջին քայլով սպանվեին 500 ամերիկացիներ, իսկ եթե նրանք պատասխանեին, ապա հաջորդ քայլով ևս 4․000-5․000-ը կսպանվեին 48 ժամվա ընթացքում» , – մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իրանցի բարձրաստիճան զինվորականը՝ իր թիկունքում ամրացված պրոիրանական կազմակերպությունների դրոշների խորապատկերին:

Պետք է նշել, որ Իրանն իր ազդեցության տակ գտնվող այդ պրոքսի խմբավորումներին հաջողությամբ օգտագործում է իր թշնամիների դեմ մղվող պրոքսի պատերազմների ժամանակ: Մասնավորապես, Եմենի հութիների ձեռքով մի քանի անգամ հարձակումներ են կազմակերպվել Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների ու նավթային տանկերների վրա, նույնն է նաև Սիրիայում: Այստեղ լիբանանյան Հզբոլահը, աֆղանստանյան «Ֆաթեմիյուն» և պակիստանյան «Զեյնաբիյուն» խմբավորումները վաղուց արդեն ներքաշված են պատերազում և կռվում են ի շահ Իրանի դաշնակից Բաշար Ասադի: Վերջերս թուրքական Daily Sabah թերթը հրապարակում էր արել, ըստ որի՝ Իրաքից Սիրիայի Իդլիբի շրջան են տեղափոխվել «Զեյնաբիյուն» խմբավորման 400 մարտիկներ: Արաբական կայքերից մեկի տվյալներով՝ Սիրիայում նրանց թիվը 800-ի է հասնում: Քիչ ավելի ուշ իրանական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Իդլիբի համար մղվող մարտերում զոհվել է «Զեյնաբիյուն» խմբավորման 18 և «Ֆաթեմիյուն»-ի 3 անդամներ, որոնք թաղվել են Իրանի հոգևոր կենտրոնում՝ Ղոմում :

ՎԵՐՋԱԲԱՆ

Ակնհայտ է, որ առաջիկայում իրանա-ամերիկյան հարաբերություններում ճեղքում տեղի չի ունենալու՝ կողմերի որդեգրած կոշտ և անզիջում դիրքորոշման հետևանքով: ԱՄՆ-ը փորձում է «ծնկի բերել» Իրանին և ստանալ նոր համաձայնագիր՝ իր համար ավելի շահավետ պայմաններով: Վաշինգտոնում հույս ունեն, որ ծանր պատժամիջոցները կփոխեն Թեհրանի վարքագիծը, և նույնիսկ որոշ դեպքերում ամերիկացի պաշտոնյաները խոսում են Իրանի գործող վարչակարգը փոխելու իրենց ցանկության մասին: Այնտեղ սպասում են նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին՝ այն հույսով, որ կհաղթի դեմոկրատ թեկնածուն, և պատժամիջոցները կչեղարկվեն: Այժմ Իրանի տնտեսությունը գտնվում է կաթվածահար վիճակում, և եթե ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփը, ապա հնարավոր է, Թեհրանը ստիպված լինի գնալ զիջումների և նոր համաձայնագիր կնքի ԱՄՆ-ի հետ: Վերջերս գերմանական Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում ամերիկյան կողմի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին հայտարարեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ինչը մեծ զայրույթ առաջացրեց Իրանում: Պահպանողական շրջանակները նույնիսկ պահանջեցին Իրանի արտգործնախարարի հրաժարականը: Իրանին ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու և նոր համաձայնագիր կնքելու առաջարկություն է արել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Ուստի իրանա-ամերիկյան հարաբերություններում ներկայումս ստեղծված իրավիճակը կարելի է բնորոշել «ժամանակավոր անդորր մեծ փոթորկից առաջ»:

Արմեն Վարդանյան

ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *