Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է Իրանում զորավարժությունների անցկացման մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Իռնա» գործակալությանը, փոխանցում է, որ Խաթիբզադեն նշել է, որ թեև 2 երկրների միջև կան լավ և հարգալից հարաբերություններ, և 2 կողմերի միջև հաղորդակցման սովորական ուղիները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, զարմանալի է այդ ձևով արտահայտվելը:
«Այս և հարակից այլ հարցերի շուրջ լուրջ քննարկում է եղել Նյու-Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանի շրջանակներում 2 երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Որոշվել էր այդ երկխոսությունը շարունակել հարմար հարթակում: Իրանը միշտ դեմ է արտահայտվել ցանկացած տեսակի օկուպացիային և ընդգծել երկրների տարածքային ամբողջականության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման անհրաժեշտությունը:
Միաժամանակ, բարիդրացիականության սկզբունքների պահպանումն այն կարևորագույն հարցերից է և ակնկալվում է, որ հարևանների կողմից ևս այն ուշադրության կարժանանա:
Մեր երկրի հյուսիսարևմտյան սահմաններին զորավարժության անցկացումը ինքնիշխանության հարց է, և իրականացվում է ողջ տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար: Իհարկե, ակնհայտ է, որ ԻԻՀ-ն չի հանդուրժելու իր սահմանների մոտ սիոնիստական ռեժիմի անգամ ցուցադրական ներկայությունը, և այդ առումով կձեռնարկի ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության համար»,- ընդգծել է Խաթիբզադեն:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում զարմանք էր հայտնել Ադրբեջանի հետ սահմանին Իրանի զինված ուժերի կողմից անցկացվող զորավարժությունների առնչությամբ: «Մեր անկախության 30 տարիների ընթացքում նման իրադարձություն տեղի չէր ունեցել: Նախևառաջ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր իրավասու է ցանկացած զորավարժություն անցկացնել իր տարածքում։ Դա նրա ինքնիշխան իրավունքն է։ Բայց երբ մենք դա վերլուծում ենք ժամանակային սահմաններում, տեսնում ենք, որ նման բան երբեք չէր եղել։ Ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ հենց մեր սահմանին։ Այս հարցը ոչ թե ես եմ տալիս, այլ Ադրբեջանի հասարակությունը»,- ասել է Ալիևը:
Իրանի զինվորականների գործողություններն Ալիևը որակել է «զգացմունքային արձագանք» Ադրբեջանի կողմից Հայաստան-Իրան միջպետական ճանապարհին իրանական բեռնատարների վարորդներից «ճանապարհային հարկ» գանձելու որոշմանը:
0 Մեկնաբանություն