Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմավորել է Իրանում ավիաաղետի հետևանքով զոհվածների մարմինները հայրենիք տեղափոխող ինքնաթիռը:Իրադարձությունը Facebook-ում առցանց հեռարձակել է «Գրոմադսկե» հեռուստաալիքը:
Օդանավակայանում դիերի դիմավորման արարողությանը մասնակցել են նաև վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը և «Վերին Ռադայի» խոսնակ Դմիտրի Ռազումկովը:
Զոհվածների հիշատակը հարգելու արարողությունը Բորիսպոլի օդանավակայանի տերմինալում կշարունակվի մինչև 19:00-ը (Երևանի ժամանակով՝ 21:00)։
Հիշեցնենք՝ Թեհրանից Կիև թռչող Boeing 737-800 օդանավը 2020թ. լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ: Ավելի ուշ իրանական պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով երկրի բարձրաստիճան ղեկավարությանը, տեղեկացրել էր, որ Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը խոցվել է իրենց կողմից՝ մարդկային սխալի հետևանքով։ Իրանի իշխանությունները նշել էին, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։
0 Մեկնաբանություն