Միջազգային

Քութայիսում ցուցարարները պահանջում են խզել թուրքական ընկերության հետ ՀԷԿ-ի կառուցման պայմանագիրը

Քութայիսի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել բողոքի բազմահազարանոց ակցիա՝ ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցնելու և Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավայի հրաժարականի պահանջներով,- տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը:

«Մեր գլխավոր պահանջը կառավարության որոշումը չեղյալ հայտարարելն է, որը նախատեսում է Ռիոնիի հովտի փոխանցումը օտարերկրյա ներդրողին։  2-րդ պահանջը «Էնկա» ընկերության հետ պայմանագիրը լուծելն է։  3-րդ՝ 2015 թվականից տրված բոլոր փաստաթղթերը պետք է չեղյալ համարվեն, և, վերջապես, էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան պետք է հրաժարական տա»,- հանրահավաքում ելույթի ժամանակ ասել է ակցիայի կազմակերպիչ Վարլամ Գոլետիանին՝ հավելելով, որ հավաքվածների մի մասը պատրաստվում է գիշերել քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված վրաններում: Հանրահավաքի մասնակիցները կարծում են, որ էկոնոմիկայի նախարարի հետ կայացած բանակցությունները արդյունք չեն տվել, ինչի պատճառով նրանք կշարունակեն բողոքի ակցիաները: Բողոքի համակարգված ակցիաները տեղի են ունենում մոտ 4 ամիս։  Շինարարության գոտում տեղադրվել են վրաններ։ 576 հա հողատարածքի վրա ՀԷԿ-ի կառուցմամբ զբաղվում է թուրքական «Էնկա» ընկերությունը։  Ցուցարարները պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցման համար նախատեսված տարածքում գտնվում են տասնյակ բնակելի տներ և անտառներ, իսկ ՀԷԿ-ի կառուցումը կազդի կլիմայի եւ լանդշաֆտի վրա: Նախորդ շաբաթ Վրաստանի կառավարությունը որոշում էր ընդունել կասեցնել «Նամախվանի ՀԷԿ» - ի պատվարի և ջրամբարի կառուցումը մինչև լրացուցիչ հետազոտություններ անցկացնելը, սակայն մնացած աշխատանքները կշարունակվեն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *