Միջազգային

Կիևը ռազմական օգնություն չի ցուցաբերի ղարաբաղյան հակամարտության կողմերին

Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կողմերից ոչ մեկին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Չերնովիցկի շրջանում կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է tass.ru-ն։

«Խոսքն այն մասին չէ, որ Ուկրաինան ռազմական օգնություն կցուցաբերի որևէ երկրի»,-ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում, անդրադառնալով ԼՂ հակամարտության սրմանը, հայտարարել էր, որ Ուկրաինան հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական օգնություն չի տրամադրի:

«Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի հայ-ադրբեջանական հակամարտության կողմերից և ոչ մեկին: Իսկ այ բուժօգնություն, մասնավորապես՝ դեղահաբեր, չափազանց վառ երևակայության տեր պատգամավորների համար պետք է ամբողջ երկրով փնտրենք»,-գրել էր նախարարը:

Ավակովի գրառմանը նախորդել էր Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոյի հայտարարությունն առ այն, որ Ուկրաինան պատրաստ է ԼՂ հակամարտության սրման ֆոնին ռազմական և մարդասիրական օգնություն ցուցաբերել Բաքվին:

«Ժողովրդի ծառա» իշխանական կուսակցության անդամը նշել էր, որ եթե հարցը սուր դրվի, ապա Կիևն անտարբեր չի անցնի դրա կողքով: Նրա խոսքով՝ իշխանություններն արդեն աջակցություն են տրամադրում Բաքվին իրավական դաշտում և ռեսուրսների ոլորտում՝ պատրաստելով մարդասիրական օգնություն:

«Ուկրաինան այսօր պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին: Խոսքը և՛ ռազմական, և՛ մարդասիրական օգնության մասին է»,-հեռուստատեսությամբ հայտարարել էր Մարչենկոն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *