Միջազգային

Կորոնավիրուսը նահանջում է՝ ճանապարհին խլելով նորանոր կյանքեր. Ամերիկայի Ձայն (տեսանյութ)

Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հինգշաբթի օրվա տվյալներով կազmում է 2 միլիոն 109.000: ԱՄՆ-ում, մահացությունների թիվն անցել է 30.000-ը, ընդհանուր վարակակիրների թիվը` 637..000-ը:

Իսպանիայում նորից գրանցվել է կովիդ 19 նոր դեպքերի աճ, սակայն շարունակում է գրանցել հաստատուն անկում մահացությունների թվով: Մեկ օրում այստեղ մահացել է 318 մարդ, երբ օրինակ երկուշաբթի օրն այստեղ կորոնավիրուսին զոհ էր գնացել 567 մարդ: Վարակակիրների թիվն այսօր կազմում է 182.816:

Իտալիայում կորոնավիրուս է կրում 165.155 մարդ: Մահացել է 21,645 մարդ: Ինչ վերաբերում է հիվանդանոցներ տեղափոխվող անձանց, պետք է ասել, որ նրանց թիվն Իտալիայում շարունակում է կրճատվել: Նախորդ օրվա համեմատ վերջին 1 օրում հիվանդանոց տեղափոխվածների թիվը կրճատվել է 368-ով:  Ելույթ ունենալով մամուլի ասուլիսի ժամանակ` Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխտնօրեն Ռանիերի Գուերրան ասել է, որ Իտալիայի բիզնեսում ու առօրյա կյանքում ակտիվություն մտցնելու դեպքում երկիրը կարող է նորից կանգնել վտանգի առջև:

Ֆրանսիայում հինգշաբթի օրվա տվյալներով մինչ այժմ կորոնավիրուսի պատճառով մահացել է 17.167 մարդ, սակայն ամեն օրվա կտրվածքով անկում են գրանցում նոր դեպքերը, հոսպիտալացված անձանց ու վերակենդանացման բաժանմունքեր տեղափոխվող հիվանդների թվերը: 1 օրում վերակենդանացման բաժանմունքներ տեղափոխվածների թիվը նախորդ օրվա 6,730-ի համեմատ հինգշաբթի օրը կազմել է 6,457:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկրում մինչև առնվազն մայիսի 3-ը երկարաձգվելու է սոցիալական տարածության մասին հրահանգը:

Հաջորդ օրվանից, եթե իրադրությունը թույլ տա, աստիճանաբար կվերաբացվեն դպրոցները: Նախ դասերը կվերսկսվեն ավարտական դասարաններում: Երկուշաբթի օրվանից այստեղ կվերաբացվեն մինչեւ 800 քմ. տարածք զբաղեցնող խանութները, երկիր, որտեղ կովիդ 19-ին զոհ է գնացել 3,854 մարդ և ուր այսօր կա 135.000 վարակակիր:

Թուրքիայում 1 օրում հայտնաբերվել է նոր 4.281 դեպք: Այստեղ հիվանդությունից 1 օրում մահացել է 115 մարդ, բոլոր մահացությունների թիվը հասցնելով 1.518-ի:

Մերձավոր Արևելքում վարակակիրների թվով առաջին տեղում գտնվող Իրանում կա 78,000 վարակակիր, ուր սակայն արդեն 2 շաբաթ է՝ հիվանդության տարածման արագությունն անկում է գրանցում:

Հեղափոխական գվարդիան չորեքշաբթի օրը ցուցադրել է մի նոր սարք, որը կարող է կովիդ 19 հիվանդությամբ մարդկանց հայտնաբերել հեռավորության վրա՝ առանց արյան թեստավորման անհրաժեշտության:

Հարավային Կորեայում նախորդ օրվա 24 նոր դեպքերի համեմատ անցած 1 օրում հայտնաբերվել է 22 դեպք: Այստեղ վարակակիրների թիվն այսօր կազմում է 10,613 մարդ: Ամենօրյա անկումն արդեն 8  օր է՝ շարունակվում է:

   ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարում են, թե կորոնավիրուսի տարածման կորագիծն այստեղ սկսել է հարթվել, այդ պատճառով հինգշաբթի երեկոյան պատրաստվում են հանդես գալ հիվանդությունից պաշտպանվելու կարգը փոխելու մասին հայտարարությամբ:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *