Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում Tbilisi Pride հասարակական կազմակերպությունը իրականացրել է համերաշխության շաբաթ սեռական փոքրամասնությունների հետ, որը նախատեսվում էր ավարտել այսօր՝ Արժանապատվության երթով: Պահպանողական արմատական կազմակերպություններն ու խմբերը, սակայն, դեմ են Tbilisi Pride-ին և պահանջում էին արգելել Արժանապատվության երթը:
Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջիններս փորձել են ներխուժել Tbilisi Pride-ի գրասենյակ: Իրավիճակը լարված էր մայրաքաղաքի Ռուսթավելի պողոտայում․ երթին ընդդիմացողները թույլ չէին տալիս լրագրողներին աշխատել և շշեր ու փայտեր էին նետում տարբեր լրատվամիջոցների նկարահանող խմբերի վրա:
ՀԿ-ն ավելի ուշ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Արժանապատվության երթը չեղարկում են անվտանգության երաշխիքների բացկայության պատճառով։ Tbilisi Pride-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Թբիլիսիի փողոցներում կատարվողը պատերազմ է քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական արժեքների և երկրի եվրոպական կողմնորոշման դեմ։
0 Մեկնաբանություն