Միջազգային

Մարգարիտա Սիմոնյանի գրառումն ամբողջովին հակասում է ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը և այն ջնջել են ՀԱՊԿ էջից

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում Russia Today հեռուսատալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հոդվածը տեղադրվել է տեխնիկական վրիպակի պատճառով. հոդվածն ամբողջությամբ հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը,-այս մասին հայտարարություն է տարածել ՀԱՊԿ-ը։

«ՀԱՊԿ քարտուղարության էջում RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հոդվածի տեղադրումը տեխնիկական վրիպակի պատճառով էր, և գրառումն անհապաղ ջնջվել է։ Գրառման հեղինակի կարծիքն ամբողջովին հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը», -ասված է հայտարարության մեջ։

Միաժամանակ, ՀԱՊԿ-ը նշում է, որ իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ հայտնել է հուլիսի 14-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում։

ՀԱՊԿ-ը «Թվիթեր»-ի էջում նաև տեղադրել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին։

Ավելի վաղ, Մարգարիտա Սիմոնյանի հոդվածը հայտվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Ֆեյսբուք»-ի և «Թվիթեր»-ի պաշտոնական էջերում և անմիջապես ջնջվել։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *