Միջազգային

Մարիան Քլարկ-Հաթինգի դեմ լրտեսության մեղադրանքներն անհիմն են.ՄԱԿ-ի խոսնակ

ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դյուժարիկն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում պատասխանել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ կապված հրապարակումներին:

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգն ավարտում է իր առաքելությունը և կհեռանա Հայաստանից: Դրանից առաջ մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին, թե իբր Հայաստանի իշխանությունները նրան մեղադրել են Ադրբեջանի ու Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության մեջ: Ստորև ներկայացնում են ՄԱԿ-ի խոսնակի հարցուպատասխանը լրագրողների հետ այս առիթով:

Հարց. Տեղեկություն է հաղորդվում, որ այս երկրի (Հայաստանի) կառավարությունը դադարեցրել է ՅՈւՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) ներկայացուցչի լիազորությունները ` նրան մեղադրելով, մեջբերում ենք, ՛՛չհամագործակցված աշխատաոճի՛՛ մեջ: Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ իբր այդ անձը լրտեսությամբ է զբաղվել՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, և ՀՀ իշխանությունները նրան ճանաչել են ՛՛persona non grata՛՛: Այսպիսով, դուք ունե՞ք որևէ մեկնաբանություն այս պնդումների վերաբերյալ:

ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դյուժարիկ. Նրա դեմ լրտեսության մեղադրանքներն անհիմն են, և ես ամբողջապես կպաշտպանեի նրան: Այն, ինչ ես կարող եմ ասել և ինչ են ինձ փոխանցել ՅՈւՆԻՍԵՖ-ի իմ գործընկերներն այն է, որ ՅՈւՆԻՍԵՖ-ը և Հայաստանի կառավարությունը պայմանավորվել են, որ Մարիան Քլարկ-Հաթինգը կավարտի այս ամիս Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի իր առաքելությունը, և կտեղափոխվի այլ առաքելության: Նա բարձր որակավորում ունեցող, չափազանց փորձառու և նվիրված մասնագետ է, ով նախկինում աշխատել է ՅՈւՆԻՍԵՖ-ի կենտրոնակայանում, եղել է Մալազիայում ներկայացուցիչ և այլ պաշտոններ զբաղեցրել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սոմալին, Գվինեան, Բենինը և Մադագասկարը:՛՛

Խոսնակն ընդգծել է, որ ՅՈւՆԻՍԵՖ-ն աշխատում է Հայաստանում 1993 թվականից՝ սերտորեն ու արդյունավետ համագործակցելով երկրի կառավարության հետ:

Աղբյուր՝ Ամերիկայի Ձայն

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *