ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մարտի 19-ին սկսեց իր այցը Հայաստան՝ հանդիպելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկումները կենտրոնացած էին տարածաշրջանային միակցվածության ամրապնդման, բարգավաճման խթանման եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղության ապահովման վրա։
«Մերձավոր Արեւելքում ճգնաժամի այս ժամանակաշրջանում մեր հարաբերությունները եւ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ տարվող աշխատանքները դարձել են ավելի կարեւոր՝ Ասիայի հետ առեւտրային եւ էներգետիկ կապերի համար», — X-ում իր գրառման մեջ ընդգծել է Մարթա Կոսը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ երկու կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ խորացնելու գործընկերությունը՝ ս․թ․ մայիսի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ առաջին, պատմական գագաթնաժողովին ընդառաջ։ Գագաթնաժողովը կհաջորդի Հայաստանում հյուրընկալվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը նախատեսված է մայիսի 4-ին։
Հանձնակատար Կոսը ողջունեց վերջին ամիսներին Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում գրանցված զգալի առաջընթացը, ինչպես նաեւ Հայաստանի շարունակական ջանքերը՝ նպաստելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Հանձնակատար Կոսն ու փոխվարչապետ Գրիգորյանը ներկա գտնվեցին 2025-2027 թվականների ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը եւ մտքեր փոխանակեցին 2024 թվականի ապրիլին Նախագահ ֆոն դեր Լեյենի կողմից հայտարարված` Հայաստանի համար Դիմակայունության եւ աճի ծրագրի շրջանակներում 270 միլիոն եվրոյի միջոցների բաշխման վերաբերյալ։
Քննարկումներում անդրադարձ կատարվեց էներգետիկ, թվային եւ տրանսպորտային միակցվածության ոլորտներում ընդհանուր նպատակներին: ԵՄ-ն եւ Հայաստանը վերահաստատեցին, որ կշարունակեն աշխատել համատեղ՝ համաձայն ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, TRIPP երթուղու եւ ԵՄ միջտարածաշրջանային միակցվածության օրակարգի, որն ապահովում է Եվրոպայի կապը Կենտրոնական Ասիայի հետ՝ Հարավային Կովկասի եւ Թուրքիայի միջոցով: Հանձնակատար Կոսը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը Տրանսկասպյան տրանսպորտային երթուղուն։
Կայուն աճին եւ խաղաղությանը նպաստելու նպատակով Հայաստանը եւ ԵՄ-ն կշարունակեն համագործակցությունը «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում միջազգային ֆինանսական գործընկեր հաստատությունների հետ համատեղ՝ էներգետիկայի, տրանսպորտի եւ թվային կապակցվածության ոլորտներում առաջնահերթ ներդրումները խթանելու ուղղությամբ: Քննարկումները կենտրոնացան նաեւ տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին Հայաստանի հաստատուն ինտեգրումն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես՝ TEN-T հետագա ընդլայնումը զարգացնելու միջոցով:
Հանձնակատար Կոսը ողջունեց Հայաստանի իշխանությունների՝ վիզայի ազատականացման ուղղությամբ բարեփոխումներն իրականացնելու հաստատուն հանձնառությունը։ Չափանիշները ներկայացված են ՀՀ իշխանություններին դեռեւս 2025 թվականի նոյեմբերին ներկայացված վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում։
ԵՄ-ն եւ Հայաստանը վերահաստատեցին նաեւ իրենց հանձնառությունը մարդու իրավունքներին, իրավունքի գերակայությանը եւ ժողովրդավարական արժեքներին, իսկ ԵՄ-ն էլ իր հերթին վերահաստատեց իր հանձնառությունը՝ շարունակական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներին, ինչպես նաեւ ժողովրդավարական դիմակայունության ավելացմանն ուղղված նրա ջանքերին։ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հանձնակատար Կոսն ընդգծեց աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին՝ պաշտպանելու ընտրությունների օրինավորությունը եւ ապահովելու քվեարկողների ազատ ընտրության կարողությունը։
Այսօր հանձնակատար Կոսը կլինի Գյումրիում՝ տեղում այցելելու ԵՄ կողմից ֆինանսավորվող ձեռնարկություններ, որոնք աջակցում են սոցիալական ներառմանը, տեղական տնտեսական աճին եւ աշխատատեղերի ստեղծմանը: Նա նաեւ կայցելի Գյումրու պատմական շուկա, որը ներկայումս վերականգնվում է ԵՄ-ի կողմից։ Մարթա Կոսը նաեւ ելույթ կունենա Շիրակի պետական համալսարանում, ինչպես նաեւ կհանդիպի երիտասարդ եվրոպական դեսպանների (YEAs) եւ տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու լրագրողների հետ։





0 Մեկնաբանություն