Միջազգային

Նոբելյան մրցանակակրի աղմկահարույց հայտարարությունը նոր կորանավիրուսի ծագման մասին (տեսանյութ)

Ֆրանսիական մամուլն ու հանրությունը մի քանի օր է՝ քննարկում են նոր կորոնավիրուսի ծագման մասին հայտարարությունը, որի հեղինակը  ֆրանսիացի կենսաբան Լյուկ Մոնտանյեն է։ Հեռուստահաղորդման ժամանակ նա հայտարարել է իր  եզրակացության մասին՝ վիրուսը կազմված է սովորական կորոնավիրուսի գենից, որին, սակայն  միացված են  ՄԻԱՎ-ի գենի մասնիկներ։ Լյուկ Մոնտանյեն կարծում է, որ վիրուսը (SARS-CoV-2) ստեղծվել է մարդու միջամտությամբ։ Նրա վարկածն այն է, որ Չինաստանոմ փորձ է արվել ստեղծել ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութ, և անզգուշության հետևանքով վիրուսը տարածվել է։ Այսինքն՝ եղել է  «արդյունաբերական վթար»։

Ըստ նրա՝ Ուհանի կենսալաբորատորիայի վերաբերյալ մեկ անգամ չէ, որ ահազանգ է եղել, թե անվտանգության ռեժիմը բավարար մակարդակի չէ։ Ու քանի որ նա կարծում է, որ վարակը արհեստածին է,  վստահ է, որ հենց այդ պատճառով էլ այն ավելի շուտ կկորցնի իր վտանգավորությունը․ բնությունը կհաղթի նրան։

Նշենք, որ Լյուկ Մոնտանյեն 1983թ.-ին Պաստերի ինստիտուտում Ֆրանսուազա Բարի-Սինուսիի  հետ հայտնաբերել է  ՄԻԱՎ վարակի հարուցիչը՝  Մարդու իմունային անբավարարության վիրուսը և այդ  հայտնագործության համար 2008թ.-ին  արժանացել Նոբելյանի մրցանակի։ 

Մոնտանյեի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել, քանի որ նոր կորոնավիրուսի ծագման վերաբերյալ բավական վաղուց քննարկումներ են ընթանում։  Մասնավորապես ԱՄՆ-ն ու Չինաստանը միմյանց մեղադրում են արհեստածին վիրուս ստեղծելու մեջ, սակայն դեռ հստակ ապացույցներ չեն ներկայացվել։       Հետաքրքիր է, որ դեռ հունվարին  հրապարակումներ են եղել, որ նոր կորոնավիրուսով հիվանդներին  տարբեր երկրներում բուժել են  Լոպինավիրով/Ռիտոնավիրով, որը նախատեսված է ՄԻԱՎ ունեցողների  համար։ Հիշեցնենք՝ նոր տեսակի կորոնավիրուսն առաջացել է 2019 թվականին և նախկինում մարդկանց մոտ չի հայտնաբերվել: Պատվաստանյութ դեռևս չկա: Աշխարհում արդեն 2,282,330 մարդու մոտ արձանագրվել է այս հիվանդությունը։ 156,359 մարդ մահացել է, 583,431 վարակված ապաքինվել։

Հայաստանում ապրիլի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1.248 դեպք՝  20 մահացու ելքով: 523 մարդ առողջացել է։ 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *