Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է լուսանկար, որն արվել է կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքում:
Լուսանկարում պատկերված է փողոցներից մեկի մայթին ընկած տղամարդու դի: Ականատեսների պատմելով՝ դիմակ կրող տղամարդն ուշագնաց է եղել ու ընկել: Որոշ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել հատուկ մանրէազերծ համազգեստով բժիշկներ, որոնք դիակը հեռացրել են մայթից:
Ենթադրվում է, որ տղամարդու մահվան պատճառը նոր վարակն է:
«Սա ուղղակի սարսափելի է: Վերջին օրերին այնքան շատ մարդ է մահացել»,- պատմել է դեպքի վայրում գտնվող կանանցից մեկը:
Պարբերականը հիշեցնում է, որ 11 մլն բնակչությամբ Ուհանը շարունակում է կարանտինի մեջ մնալ:
Ընդհանուր առմամբ, Չինաստանում զոհերի թիվը հասել է 213-ի, վարակվածները մի քանի հազարն են: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել: Տարբեր երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում զերծ մնալ Չինաստան մեկնելուց:
Ըստ որոշ աղբյուրների՝ իրավիճակն Ուհանում այնքան է բարդացել, որ բժիշկները պարզապես չեն հասցնում ընդունել բոլոր հիվանդներին: Շատերը ստիպված են լինում մինչև երկու օր բժշկի հերթում սպասել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտավախություն ունի, որ վարակը կարող է տարածվել ավելի թույլ առողջապահական համակարգերով երկրներում:
0 Մեկնաբանություն