ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրության շուրջ «արհեստական կրքեր բորբոքելու փորձերի» վերաբերյալ։
Նշվում է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է ինչպես «Ռուսաստանի հայերի միության», այնպես էլ ՌԴ տարածքում գործող այլ հայկական կազմակերպությունների, ինչպես նաև Ռուսաստանի իշխանությունների հետ։
Դեսպանությունն ուշադրությամբ հետևում է նաև մամուլի հրապարակումներին և իր խորին մտահոգությունն է հայտնում հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները զրպարտելու մեջ շահագրգռված որոշ շրջանակների կողմից Հայաստանի անկախության մարտիկ Գ. Նժդեհի հիշատակը պղծելու փորձերի առնչությամբ։
«Անընդունելի ենք համարում այս թեմայի շուրջ շահարկումները և հորդորում ենք զերծ մնալ սուտ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածելուց»,-նշվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ տեղեկություն էր տարածվել, որ հունվարի 28-ին ադրբեջանական լոբբիի ջանքերով Մոսկվայում խափանվել է ՀՀ զինված ուժերի 30-ամյակին նվիրված միջոցառումը, որում ներառված էր նաև Գարեգին Նժդեհի մասին ֆիլմը։
0 Մեկնաբանություն