Միջազգային

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում.Սաակաշվիլին անօրինական է համարում իր ձերբակալությունը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են և կալանավորել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մեր իրավապահների մոտ կար նախնական տեղեկություն իր տեղաշարժի մասին, սկսած Ուկրաինայից մինչև Վրաստան»,- ընդգծել է Ղարիբաշվիլին՝ չհստակեցնելով, թե որտեղ են բռնել նախկին նախագահին։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ ուժայինները «ձերբակալման գործողությունն իրականացրել են բարձր մակարդակով»։ Վրացական ԶԼՄ-ների տվյալներով՝ Սաակաշվիլիին տեղափոխել են Թբիլիսիի կալանավայրերից մեկը։

Չնայած այս ամենին, նախկին նախագահի «Ֆեյսբուք»-ի էջն ակտիվ է և այնտեղ տեղադրվել է տեսանյութ, որը տեսագրվել էր նրա ձերբակալությունից առաջ։

«Ամենայն հավանականությամբ, ինձ շուտով կձերբակալեն  Թբիլիսիում, բայց ցանկանում եմ ասել, որպեսզի ոչնչից չվախենաք, վաղը գնացեք ընտրություններին։ Տվեք ձեր ձայնը, և հոկտեմբերի 3-ին բոլորով կնշենք հաղթանակը։ Ես ժամանել եմ, որպեսզի օգնեմ ձեզ, այլընտրանք մեզ մոտ չկար։ Ես ոչնչից չեմ վախենում և կոչ եմ անում ձեզ էլ չվախենալ»,- ասել է Սաակաշվիլին։

Սաակաշվիլին ավելի վաղ հայտնել էր, որ նախատեսում է տեղի ընտրություններից առաջ վերադառնալ Վրաստան։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր ձերբակալման հիմքերն անօրինական ու կեղծված է անվանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սահակաշվիլիի նամակը Facebook-ի իր էջում հրապարակել էր նրա փաստաբանը:

«Իմ ազատությունը և որն ավելի կարևոր է՝ Վրաստանի ազատությունը կախված է ձեր ակտիվությունից: Դրանից է կախված նաև միջազգային աջակցությունը: Խնդրում եմ, չկասկածեք և մինչև վերջ հավատացած եղեք, որ մեր հաղթանակը ձեր ձեռքերում է»,- նշել էր Սահակաշվիլին՝ դիմելով ընտրություններին մասնակցող քաղաքացիներին:

Վրաստանում հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:

Հոկտեմբերի 1-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել էր, որ Սահակաշվիլին հայրենիքում ձերբակալված է: Իշխանությունները հայտնել էին, որ Սահակաշվիլին մտադիր է եղել երկրում հեղաշրջում իրականացնել:

Նախկին նախագահի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը հացադուլ է հայտարարել:  

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *