Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագրության մոտ՝ ճիշտ այնտեղ, որտեղ 15 տարի առաջ սպանվեց պոլսահայ մտավորական, պարբերականի երջանկահիշատակ գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, հունվարի 19-ին հիշատակի միջոցառում է կազմակերպվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ամեն տարվա նման՝ այս տարի ևս ելույթով է հանդես եկել մտավորականի կինը՝ Ռաքել Դինքը, ով նշել է. «15 տարի եղավ, ինչ թիկունքիցդ արձակած կրակոցները քեզ տարան մեզանից: Ձայնդ դեռ ականջումս է: Ամեն անգամ, երբ պատմում էիր, թե ինչ են արել քո ժողովրդի հետ, քեզ մեղադրում էին դավաճանության, թիկունքից հարվածելու մեջ… Միշտ ասում էիր. «Սիրեք ձեր թշնամիներին, լավություն արեք ձեզ ատողներին, լավություն արեք ձեզ անիծողներին, աղոթեք վիրավորողների համար»: Աղոթում եմ»:
Իր ելույթում Ռաքել Դինքն անդրադարձել է Թուրքիայում վերջին տարիներին սաստկացած մարդու իրավունքների ոտնահարումների, ընդդիմադիր և ոչ իշխանահաճո գործիչներին լռեցնելու փորձերի, նրանց ձերբակալելու փաստերին:
«Քեզ հողին հանձնելիս այստեղից բարձրացող ըմբոստության և մերժումի ձայնը չլռեց և չի լռելու: Բանվորները, կանայք, ուսանողները, գյուղացիները կրկին պայքարի մեջ են: Մի օր նորից կմիավորվեն ու հեղեղ կդառնան»,- նշել է մտավորականի կինը:
Արարողությանը ներկա են եղել մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, Դինքի ընկերներն ու գաղափարակիցները, մտավորականներ ու ակտիվիստներ: «Մենք այստեղ ենք և շարունակելու ենք պայքարել արդարության համար»,- նշել են Դինքի ընկերները:
Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ իր իսկ հիմնադրած «Ակոս» պարբերականի խմբագրության առջև՝ դավադրաբար թիկունքից արձակած կրակոցներով: Կրակողը թուրք ազգայնական Օգյուն Սամասթն էր, ով հանցանքն իրականացնելիս ընդամենը 17 տարեկան էր: Դատարանը նրան դատապարտել է 22 տարվա ազատազրկման: Սպանության կազմակերպիչը՝ Յասին Հայալը, 2012 թվականի հունվարի 17-ին ցմահ բանտարկության է դատապարտվել: Հանցագործության իրական շարժառիթներն ու պատասխանատուները մինչ օրս հայտնի չեն:
0 Մեկնաբանություն