ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ հանրապետական կոնգրեսմեն Թալսի Գաբարդն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել բանաձև՝ պահանջելով քայլեր ձեռնարկել Թուրքիային ՆԱՏՕ-ի կազմից դուրս բերելու համար՝ Անկարայի կողմից հայկական ուժերի վրա հարձակման ու ահաբեկիչներին շարունակական աջակցության համար։
Ներկայացված բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի կողմից տարվող մարտական գործողություններում Անկարան բացահայտ ռազմական աջակցություն է տրամադրում Բաքվին։ Ներկայացնում ենք բանաձևի հիմնական կետերը.
«1. Հաշվի առնելով, որ Թուրքիան մեծացրել է իր ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտությունում։ Եթե նախկինում պարզապես քաղաքական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին, ապա այժմ ուղղակի ռազմական օգնություն է տրամադրում։
2.Ուշադրություն դարձնելով, որ Թուրքիան փակ է պահում սահմանը ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Հայաստանի հետ և բազմիցս սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և աշխարհի տարբեր հատվածներում գտնվող հայկական համայնքների նկատմամբ, ժամանակ առ ժամանակ դրանք շղարշելով 20-րդ դարասկզբին Թուրքիայում կատարված Հայոց Ցեղասպանության վերաբերյալ կատարվող նուրբ ակնարկներով:
3. Ուշադրություն դարձնելով, որ զեկույցները վկայում են, որ Թուրքիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար Ադրբեջան է ուղարկել սիրիացի գրոհայիններին, որոնցից շատերը կապ ունեն «Ալ Կաիդայի» և «Իսլամական պետության» հետ:
4. Հաշվի առնելով, որ հայտնի է դարձել, որ Թուրքիան մասնակցել է կամ ուղղակիորեն ղեկավարել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարձակողական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ, և որ F-16 կործանիչները ներգրավված են եղել թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանի դեմ կատարված հարձակումներում:
5. Ուշադրություն դարձնելով որ թեև ՆԱՏՕ-ն կոչ է արել անմիջապես դադարեցնել կրակն ու բռնությունները Լեռնային Ղարաբաղում՝ ի պատասխան ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակման, Թուրքիան ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը հակառակ է գործել՝ հրապարակային կերպով աջակցելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիային:
6. Չնայած Կանադան որոշում կայացրեց դադարեցնել ռազմական նշանակության սարքավորումների և սպառազինության վաճառքն Ադրբեջանին՝ ի պատասխան Ադրբեջանի հարձակողական գործողություններում նրա անմիջական ներգրավվածությանը, Թուրքիան, հղում անելով ՆԱՏՕ-ի շրջանակում հարաբերություններին, պատճառաբանեց Կանադայի կայացրած որոշման կապակցությամբ իր ունեցած դժգոհությունը»։
0 Մեկնաբանություն