Միջազգային

Թուրքիայում պատգամավորը զրկվել է մանդատից՝ սոցցանցում գրառման պատճառով

Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նանչո Սանչես Ամորը և ԵՄ-Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին խստորեն դատապարտել են երկրում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլի օղլուին պատգամավորական մանդատից զրկելու որոշումը,-հայտնում է Demokrathaber.net կայքը: «Սոցիալական մեդիայում արված հրապարակման պատճառով դատապարտելը, մանդատից զրկվելը և բանտարկելը մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է և հերթական քայլը՝ ուղղված Թուրքիայի խորհրդարանական ժողովրդավարության հանդեպ եղած վստահությունը թուլացնելուն»,- հայտարարել են նրանք: Նանչո Սանչես Ամորը և Սերգեյ Լագոդինսկին հայտարարել են, որ սա միևնույն ժամանակ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության քաղաքական գործունեությունը սահմանափակելու փորձ է: Դատարանը Քրդական բանվորական կուսակցության օգտին քարոզչություն իրականացնելու մեղադրանքով հարուցված քրեական գործով Գերգերլի օղլուին մեղավոր է ճանաչել: Որոշման հրապարակումից հետո նա զրկվել է մանդատից: Նախատեսվում է, որ արդեն նախկին պատգամավորը կբանտարկվի 2 տարի 6 ամիս ժամկետով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *