Միջազգային

«Վրաստանը ռազմական տարանցման երկիր չի դառնա»: Ի.Սեսիաշվիլի.aliq.ge

«Վրաստանը ռազմական տարանցման երկիր չի դառնա»,- Վրաստանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի դիրքորոշումն այսօր հնչեցրել է հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը:   

Ըստ Սեսիաշվիլիի`2 երկրներն էլ տեղյակ են Վրաստանի այս դիրքորոշման մասին ու ըմբռնումով են մոտենում:

Սեսիաշվիլին վերահաստատել է՝ «Վրաստանը Ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք է և  բարիդրացիական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ»:

Վրաց պաշտոնյայի խոսքով` «2 պետություններն էլ գնահատում են Վրաստանի դիրքորոշումը, քանի որ հարցը երկրի տարածքով ռազմական տեխնիկայի տեղափոխման է վերաբերում։

«Մենք կտրականապես մերժել ենք  բոլորին: Դա գիտեն մեր հարևաններն ու հարգանքով են վերաբերվում: Մենք վերլուծում ենք իրավիճակը, հետևում  ենք գործընթացին ու պատրաստ ենք ցանկացած սցենարի»,-լրագրողների հետ զրույցում ասել է Սեսիաշվիլին` ընդգծելով, որ Վրաստանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը և կոչ է անում կողմերին դադարեցնել կրակը:

Աղբյուր՝ aliq.ge

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *