Միջազգային

Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել Գուդաուրիում ուղղաթիռի կործանման առիթով

Վրաստանում ՀՀ դեսպանատունը ցավակցական ուղերձ է հղել հուլիսի 29-ին Գուդաուրիում փրկարարական ուղղաթիռի կործանման առիթով՝ ցավակցելով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Այդ մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կորուստներըը: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին», - նշել է Հայաստանի դեսպանությունը:

Վրաստանում հուլիսի 30-ին սգո օր էր՝ կործանված ուղղաթիռի զոհված 8 ուղևորների հիշատակին:

Հուլիսի 29-ին Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանությանը պատկանող Մի-8 ուղղաթիռը մեկնել էր Գուդաուրի՝ վթարի ենթարկված 2 պարապլաներիստների կիրճից դուրս բերելու, սակայն բախվել էր ժայռին և կորցնելով կառավարումը՝ կործանվել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ճանապարհի 94-րդ կմ-ի մոտ գտնվող լեռներում, ինչից հետո ճանապարհը մոտ 1 օր արգելափակված էր եղել: Զոհվել էին ուղղաթիռի բոլոր 8 ուղևորները, այդ թվում՝ անձնակազմի 4 անդամները, 2 բժիշկ և 2 փրկարար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *