Միջազգային

Զայրույթի նոր ալիք ԱՄՆ-ում. ևս 1 աֆրոամերիկացի է զոհվել ոստիկանի կրակոցից

Ատլանտայում շաբաթ երեկոյան ցուցարարներն այրել են «Ուենդիզ» ռեստորանը, որի առջև ոստիկանի արձակած հրազենային կրակոցից մահացել է ևս 1 աֆրոամերիկացի տղամարդ:

Քաղաքի ոստիկանապետ Էրիքա Շիլդսը հրաժարական է տվել՝ ուրբաթ 27-ամյա Ռեիշարդ Բրուքսի սպանության տեսանյութի հրապարակումից հետո: Աշխատանքից հեռացվել է Բրուքսի վրա կրակ արձակած ոստիկանը, իսկ նրա գործընկերը ժամանակավորապես անցել վարչական արձակուրդի: 2 ոստիկաններն էլ եղել են սպիտակամորթ: Ուրբաթ երեկոյան «Ուենդիզ» ռեստորանի աշխատակիցները զանգահարել են ոստիկանություն և հայտնել, որ ավտոմեքենայում քնած տղամարդը արգելափակում է հաճախորդների ճանապարհը: Երբ դեպքի վայր ժամանած 2 ոստիկանները փորձել են ձերբակալել Բրուքսին, նա վերցրել է ոստիկաններից մեկի էլեկտրաշոկային ատրճանակը և փախուստի դիմել: Մի քանի մետր վազելուց հետո նա շրջվել է և էլեկտրաշոկային ատրճանակը պարզել ոստիկանի ուղղությամբ, ինչին հետևել է ոստիկանի կողմից արձակված հրազենային կրակոցը:

Բրուքսի ընտանիքին ներկայացնող փաստաբաններն ասել են, որ ալկոհոլ ընդունած տղամարդն այդ օրը նշել է իր 8-ամյա դստեր ծննդյան տարեդարձը: Նրանք նաև նշել են, որ էլեկտրաշոկային ատրճանակն իրենց նահանգում մահացու զենք չի համարվում, հետևաբար, ըստ նրանց, ոստիկաններն անհամաչափ զենք են կիրառել Բրուքսի նկատմամբ: Գործի շուրջ այժմ հետաքննություն է իրականացնում Ջորջիայի հետաքննությունների բյուրոն:

Այս իրադարձությունը հաջորդում է մայիսի 25-ին ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությանը, ինչից հետո երկրով մեկ սկսված ցույցերը դեռ շարունակվում են:

Ամերիկայի Ձայն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *