Տեղական քաղաքականություն

Հայաստանում կարևորագույն խնդիր է մասնագիտության ճիշտ ընտրությունը. Մադլեն Մինասյան

   Մադլեն Մինասյանը Լոռու մարզի երիտասարդական կազմակերպության երիտասարդական աշխատող է և ծրագրերի համակարգողը: Շատ է սիրում իր ծննդավայր Լոռին, սակայն կրթության և աշխատանքի բերումով մայրաքաղաքում է ապրում, թեև վստահ է, որ օրերից մի օր վերադառնալու է ծննդավայր Վանաձոր: Մադլենը տարբեր միջոցառումներով և նախաձեռնություններով հանդես է գալիս Լոռու մարզում և փորձում է մոտիվացնել երիտասարդներին և լինել մարզի բնակիչների կողքին:

Երիտասարդության խնդիրները Հայաստանում

Երիտասարդության խնդիրներից մեկը նրանց համար ոչ ֆորմալ կրթության, համապատասխան միջոցների և պայմանների ապահովումն է: Շատ հաճախ երիտասարդները չեն ունենում պայմաններ, որպեսզի ֆորմալ կրթությանը զուգահեռ ապահովեն իրենց ոչ ֆորմալ կրթությունը: Չեն ունենում նաև ժամանցի նվազագույն պայմանները, որոնք հարկավոր են շփման, հաղորդակցման և կապեր ստեղծելու համար: Սա շատ լուրջ խնդիր է հատկապես փոքր համայնքներում: Հայաստանում կարևորագույն խնդիր է նաև մասնագիտության ճիշտ ընտրությունը և հետագայում աշխատանք գտնելը, թեև մենք փորձում ենք հաղթահարել: Այսօր մի շարք կազմակերպություններ տարբեր ծրագրեր են իրականացնում երիտասարդության համար, որպեսզի նրանք մասնագիտության ընտրության հարցում չսխալվեն և հետագայում աշխատաշուկայում գտնեն իրենց տեղը:

Փոքր համայնքների երիտասարդության խնդիրները

Շատ հաճախ երիտասարդին կայանալու, զարգանալու և դրսևորվելու հնարավորություն տալիս են ոչ ֆորմալ հարթակները: Պայմանավորված մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ ցանկության բացակայություն, ժամանակի սահմանափակում,  մարզերում երիտասարդները ավելի պասիվ են, ի տարբերություն մայրաքաղաքի երիտասարդների: Նրանց մոտ առկա է դրսևորվելու խնդիրը, իսկ ոչ ֆորմալ միջավայրի պայմաններում երիտասարդների նախասիրությունների և կարողությունների բացահայտումը նպաստում է այդ խնդրի լուծմանը: Ինչ վերաբերում է գյուղական համայնքների երիտասարդներին, ապա նրանք ունեն իրենց ընտրած մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնելու խնդիր: Թեև ես կարծում եմ, որ դա հիմնական պատճառ չի մայրաքաղաք տեղափոխվելու: Կարծում եմ, որ կարևոր հանգամանք է համարձակ լինելը, սեփական ուժերի նկատմամբ վստահ լինելը, որ երտասարդը գիտակցի, որ ինքը կարող է այս կամ այն գործն անել հենց իր համայնքում: Իհարկե, չսահմանափակվելով դպրոցում, մանկապարտեզում կամ համայնքապետարանում աշխատանք գտնելով: Մենք ունենք օրինակներ, որ երիտասարդները վերադարձել են համայնք և զբաղվել հենց իրենց նախընտրած գործով:

Հաջողակ լինելու նախադրյալները

Եզակի հմտության օրինակ է աշխատասիրությունը: Եթե երիտասարդը աշխատասեր է՝ նա փորձում է ամեն տեղից սովորել, բոլոր հնարավորություններից օտվել, աշխատել ինքն իր վրա, կապեր ձեռք բերել, փորձի փոխանակում ունենալ և կյանքում նա մեծ հաջողություններ կունենա, կկարողանա մեծ քայլերով առաջ շարժվել և հաղթահարել իր ճանապարհին առաջացած բոլոր խոչընդոտները:

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *