Տեղական քաղաքականություն

Ցավոք, երիտասարդները ձգտում են դեպի քաղաք

Արսեն Քոչարյանը Շամուտ բնակավայրի վարչական ղեկավարն է, ամենաերիտասրդը՝ վարչական ղեկավարների մեջ։ Գյուղում 50 ընտանիք է ապրում, հիմնականում տարեցներ են, իսկ երիտասարդները ձգտում են դեպի քաղաք, փորձելով այնտեղ կազամակերպել իրենց կյանքը, ապագան։ Ընդհանուր առմամբ գյուղի բնակիչների զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ավելի կոնկրետ՝ անասնապահությունը, այգեգործությամբ չեն զբաղվում։

Շամուտը դուրս է մնացել ծրագրից

   -Մոտկորի ենթաշրջանի գյուղերը տարիներ շարունակ ունեցել են մի հիմնախնդիր, դա ճանապարհի հիմնանորոգման խնդիրն էր, որն արդեն իրականություն է և հասնում է ավարտին։ Ցավոք, պիտի ասեմ, որ Շամուտ գյուղը դուրս է մնացել ծրագրից և ընդհանուր միջպետական ճանապարհից թեքվող մեր գյուղամիջյան հատվածը չի ասֆալտապատվել, որ շատ հատկանշական խնդիր է։ Մյուս գյուղերի ճանապարհները մինչև գյուղի կենտրոն, մինչև վարչական ղեկավավարների նստավայրեր ասֆալտապատվել են։

Մյուս խնդիրները

   -Լուսավորության որոշակի խնդիր կա, երկու թաղամասեր միմյանց կապող հատվածը չի իրականացվել ինչ-ինչ պատճառներով, որը պետք է արվեր սուբվենցիոն ծրագրերով, բայց հույս ունեմ, որ մինչև տարեվերջ այդ հարցը կլուծվի։ Ընդհանուր առմամաբ, պլանավորված է, որ մինչ 2025 թ․ տարեվերջ բոլոր թաղամասերը կլուսավորվեն և գյուղում լուսավորության խնդիր չենք ունենա։

Արտագաղթ

   -Լուրջ խնդիր ունենք բնակչության արտագաղթի հետ կապված, այն ամենացավալի երևույթներից մեկն է ամբողջ Մոտկոր աշխարհի համար։ Խնդիրները, պատճառները բազմազան են, նոր չեն, և արտագաղթն էլ նոր չէ, միշտ է եղել։

Փակվող դպրոց և նախակրթարան

   -Ինչպես տեսնում եք, դպրոց ունենք, խոշորացումից հետո էլ մի սենյակ մեզ տրամդրեցին։ Մանկապարտեզ էլ ունենք։ Այս տարի գործել են և՛ դպրոցը, և՛ մանկապարտեզը։ Դպրոցը շատ լավ վիճակում է գտնվում, թե՛ շենքային պայմանները, թե՛ հագեցվածությունը, սակայն փակման վտանգ կա։ Դպրոցի փակվելն ավելի կնպաստի բնակչության արտագաղթին, դա մեր ամենացավոտ կողմերից մեկն է։ Այս պահին դպրոցում սովորում է ընդամենը 30 երեխա, շատ քիչ է։

Զարգացման ծրագրեր

   -Շատ ունենք պլանավորված ծրագրեր, օրինակ․ հանդիսությունների սրահը, որը սուբվենցիոն ծրագրով պետք է կառուցվեր, 72 մլն դրամ արժողությամբ։ Հույս ունենք, որ մինչև տարեվերջ հարցին լուծում կտրվի, շինարարությունը կսկսվի։

Զբոսաշրջության հեռանկարը

   -Բոլոր բացասական կողմերի հետ մեկտեղ՝ մեր ենթաշրջանը ունի զարգանալու մեծ հեռանկարներ, դրախտային միջավայր է, ամեն տեղ չէ, որ կա այս բնությունը, մաքրությունը։ Զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ, զարգացման շատ նախադրյալներ ունի մեր գյուղը, ուղղակի պետք է ներդրումներ կատարել և զարգացնել, չէ՞ որ ամուր երկրի հիմքը հենց գյուղն է։

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *