Մունետիկ

19- ամյա Գոռ Բաբայանի «Մարտական ծառայության մեդալ»֊ը հանձնվել է հորը

Գուգարք համայնքի փառք ու պարծանք 19֊ ամյա Գոռ Գագիկի Բաբայանը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններից հայրենիքն է պաշտպանել։ Ցուցաբերած արիության համար նրան հետմահու շնորհվեց «Մարտական ծառայության մեդալը», որն իր մնայուն տեղը գտավ Գոռի համար ստեղծված հիշատակի անկյունում։ Գագիկ Բաբայանը որդու վերադարձին սպասում էր, սպասում էին նաև հարազատները, մարտական ընկերներն ու բարեկամները: Նրանք այսօր ծաղիկներ խոնարհեցին հայորդու շիրմաքարին, ուր և կայացավ պարգևատրման արարողությունը։ Կրտսեր սերժանտ Գոռ Բաբայանը հրամանատարների բնորոշմամբ պատերազմի առաջին օրերից ճիշտ և գրագետ է ղեկավարել իրեն վստահված հրանոթի անձնակազմը, կատարել դիպուկ հարվածներ, հակառակորդին հասցրել բազմաթիվ ռազմական տեխնիկայի և սպառազինության կորուստներ։ Իր խիզախությամբ օրինակ է եղել մարտկոցի զինծառայողների համար։ Պահի թելադրանքով միայնակ է լիցքավորել 2 հրանոթ և խոցել հակառակորդի կենդանի ուժ։ Ծաղիկներ խոնարհելուց և խունկ ծխեցնելուց հետո, ներկաները մատուռում մոմեր են վառել Գոռի և պատերազմի բոլոր նահատակ հայորդիների հոգու խաղաղության համար։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *