Մունետիկ

Ամուլսարի հանք տանող ճանապարհը փակ է, 1450 աշխատակից զրկվել է աշխատանքի գնալու հնարավորությունից

«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրենի հայտարարությունը

 

Արդեն երկրորդ օրը մոտ քսան մարդ փակել են Ամուլսարի հանքի շինհրապարակ տանող ճանապարհները՝ ավելի քան 1450 աշխատակցի զրկելով իրենց օրինական աշխատանքով զբաղվելու հնարավորությունից և խոչընդոտելով երկրի ամենախոշոր ներդրումային ծրագրի աշխատանքը: Նման սադրանքն ուղղված է ոչ միայն մեր ընկերության, այլև երկրի դեմ՝ խոչընդոտելով օրական մի քանի հարյուր հազար դոլարի ներդրումների մուտքը երկիր:  

Ամուլսարի ծրագիրը բնապահպանական տեսանկյունից Հայաստանում երբևէ նախագծված լավագույն ծրագիրն է: Ծրագիրն, ի դեպ, դեռևս չի շահագործվում և գտնվում է շինարարության փուլում, այդուհանդերձ, ընկերության նկատմամբ արդեն մի քանի տարի շարունակ իրականացվում է նպատակաուղղված և ֆինանսավորված հակաքարոզչություն՝  բնապահպանական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող և կոռուպցիոն գործարքների մեջ չներգրավված միջազգային թափանցիկ ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակով:

«Լիդիան Արմենիան» պատրաստ է ցանկացած ստուգման՝ բնապահպանական չափանիշների, սոցիալական կառավարման, ֆինանսական հոսքերի, բաժնետերերի կազմի, հարկային մուտքերի թափանցիկության և ցանկացած այլ չափանիշներով: Ընկերությունը վստահ է, որ օբյեկտիվ և պրոֆեսիոնալ չափանիշներով ցանկացած աուդիտ կապացուցի, որ Ամուլսարում կիրառվում են Հայաստանի համար աննախադեպ և միջազգային լավագույն չափանիշները: Ընկերության աշխատանքների ապօրինի խոչընդոտումն ուղղակի հարվածում է երկրի տնտեսությանը և հեղինակությանը: Ընկերությունն ակնկալում է խնդրի իրավաչափ և շուտափույթ լուծում:

 
Հայկ Ալոյան
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *